Այսօր նշվում է Անվտանգ համացանցի միջազգային օրը: Այդ առիթով «World vision» միջազգային բարեգործական կազմակերպությունը, «Flashmob division»-ի հետ համատեղ Հյուսիսային պողոտայում իրականացրեց ֆլեշմոբ: Ընթացքում երիտասարդները փուչիկներով գրեցին` Safeinternet.am: Այն կայք է, որտեղ տեղադրված են համացանցից անվտանգ օգտվելու բազմաթիվ նյութեր, ուսուցողական խաղեր…
«World vision» Հայաստանի ներկայացուցիչ, երեխաների առցանց անվտանգության ծրագրի ղեկավար Ոսկան Ղազարյանն ասում է, որ իրենց հիմնական նպատակն է` ծրագրի միջոցով երեխաներին իրազեկել ինչպես համացանցից ճիշտ օգտվելու, այնպես էլ նրա բացասական կողմերի մասին:
Նա կարծում է, որ երեխաները համացանցից «անգրագետ» են օգտվում, ինչը լուրջ խնդիր է. «Նրանք պատկերացում գրեթե չունեն, որ բազմաթիվ վտանգներ են առկա այդտեղ: Այս եզրակացությանը մենք եկանք, երբ անցկացրեցինք դասընթացներ: Օրինակ` երեխաները նկարներ են տեղադրում սոցիալական կայքերում, իրենց ծածկագրերն են փոխանակում ընկերների հետ կամ գրում են հասցեն, հեռախոսի համարը, անձնական տվյալները, որը հետո խնդիրներ է առաջացնում»:
Սոցիալական կայքերում երեխաների գրանցումը Ղազարյանը վտանգավոր չի համարում, քանի որ դա շփման միջոց է, սակայն կարեւորում է դրանցից օգտվելու գրագիտությունը. «Դա երեխաներին, ինչո՞ւ չէ, նաեւ մեծահասակներին հեռու կպահի բազմաթիվ անախորժություններից»:
«World vision» Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց` կա թեժ գիծ, որի միջոցով երեխաները խնդիր ունենալու դեպքում կարող են դիմել եւ ստանալ համապատասխան աջակցություն:
13-ամյա Սոնա Աբրահամյանը համացանից օգտվում է միայն սոցիալական ցանցերի, մեկ-մեկ էլ իրեն հետաքրքրած ինֆորմացիայի ստացման համար: Այն, որ կարող է խնդիրներ ուենանալ համացանցից ճիշտ չօգտվելու հետեւանքով, չի հավատում:
Արամ Արարատյան