Բացահայտվել է միջազգային քրեական ցանց, որը «պայմանավորված» խաղեր է կազմակերպել։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ինտերպոլը հայտնել է միջազգային ֆուտբոլում մոտ 380 «պայմանավորված» խաղերի բացահայտման մասին։ Եթե պարզվի, որ դա իսկապես տեղի է ունեցել, ապա համաշխարհային ֆուտբոլում կպայթի նախադեպը չունեցող սկանդալ։
Հետաքննության արդյունքների համաձայն, սկանդալի մեջ ներքաշված է մոտ 425 մարդ` կաշառված պաշտոնյաներ, խաղացողներ եւ քրեական «հեղինակություններ» 15 երկրից։
Քննիչների փոխանցմամբ, ապօրինի գործարքների մասնակիցների թվում են եղել քրեական տարրեր ասիական երկրներից, «պայմանավորված» խաղերից մի քանիսն անցկացվել են Եվրոպայի սահմաններից դուրս։
Ենթադրվում է, որ նախապես համաձայնեցված արդյունքով ֆուտբոլային գործարքների «գինը» կազմել է մոտ 10 միլիոն եվրո։ Այդ գումարից 8 միլիոնը եղել է խաղադրույքների բիզնեսով զբաղվող բուքմեյքերական ընկերությունների եկամուտը, 2 միլիոն էլ կաշառք է տրվել ֆուտբոլիստներին եւ պաշտոնյաներին։
Ինտերպոլի եվրոպական բաժնի` Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթի փոխանցմամբ, հետաքննությունը պայմանավորված խաղեր կազմակերպելու աննախադեպ ակտիվություն է բացահայտել։
«Մոտ 380 պայմանավորված հանդիպումների թվում եղել են Աշխարհի գավաթի եւ Եվրոպայի առաջնության ընտրական խաղեր, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երկու հանդիպում, այդ թվում մեկը` Անգլիայում, բացի այդ, պայմանավորված են եղել եվրոպական ազգային լիգաների մի քանի շատ կարեւոր հանդիպումներ», – ասել է Ուեյնրայթը։
Այդ բոլոր «պայմանավորված» հանդիպումները տեղի են ունեցել 2008 – 2011 թվականների մրցաշրջանների ընթացքում։
Եվրոպական խաղերից բացի, կասկածելի շուրջ 300 հանդիպում է անցկացվել Աֆրիկայում, Ասիայում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում։
Ելնելով հետաքննության շահերից` քննիչներն այս պահին դեռ չեն հրապարակում ո’չ ակումբների եւ ո’չ էլ ֆուտբոլիստների անունները։
«Սա Եվրոպայի ֆուտբոլի համար շատ տխուր օր է», – ասել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը։
«Ազատություն» ռադիոկայան