2012-ը պատմական կարևորություն ունեցող տարեթիվ էր հայկական կինոյի պատմության համար, քանի որ մեր կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին անգամ հայկական կինոյի առջև իր դռները բացեց Լուվրի թանգարանը: Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ցուցադրվեց Լուվրում, որին ներկա էին ֆիլմի ռեժիսորն ու Հայաստանի կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հարություն Խաչատրյանին ֆրանսաբնակ կինոսերներին ներկայացրեց իրանցի նշանավոր կինոռեժիսոր Աբաս Քիարոսթամին:
Այդ ցուցադրությունից հետո 2009 թվականին նկարահանված «Սահման» ֆիլմի համար նոր շրջան սկսվեց:
2013 թվականի փետրվարի 2-ին Ավստրալիայի Բրիզբեն քաղաքի Քուինսլենդի արվեստի նշանավոր պատկերասրահում ցուցադրվեց «Սահման» ֆիլմը: Հարկ է նշել, որ ցանկացած ստեղծագործության ցուցադրությունն այդ պատկերասրահում մեծ իրադարձություն է: Ուստի փառատոնային բուռն կյանքից և պատվավոր մի շարք մրցանակներից հետո «Սահման» ֆիլմի քուինսլենդյան այս ցուցադրությունը ոչ միայն հարստացնում է ֆիլմի կենսագրությունը, այլև ևս մեկ ձեռքբերումով համալրում հայկական ժամանակակից կինոյի պատմությունը: