Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հյուսիսայինի «Հին Էրիվան Հոլդինգը»՝ «Յունիբանկի» դեմ

Փետրվար 05,2013 13:41

Նյութական և դատավարական իրավունքների խախտման հիմքով ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությունը՝ ընդդեմ «Յունիբանկ» ՓԲ ընկերության: Դատական նիստը նշանակվել է փետրվարի 6-ին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը լսել է Հոլդինգի պահանջը, այն է՝ իրավունքը ճանաչելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և իրավունքը խախտող գործողությունները կանխելու մասին:

2007թ. «Հին Էրիվան Հոլդինգի», բանկի և ՀՀ քաղաքացի Մանվել Տեր Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի հաջորդող գլխավոր հիփոթեքի պայմանագիր, որի համաձայն, Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող 1662,5 քմ մակերեսով շենքը գրավադրվել է ի ապահովումն թիվ 045 վարկային պայմանագրով նախատեսված գրավային պարտավորությունների կատարման:

Նշյալ վարկային պայմանագրի ապահովման նպատակով Մանվել Տեր-Առաքելյանի կողմից որևէ պայմանագիր, այդ թվում` գրավի, չի կնքվել:

Սակայն բանկը, ըստ հայցվոր-բողոքաբերի, 07.06.2011թ. Հոլդինգին է ներկայացրել բռնագանձման ծանուցում, որով ընկերությանը համարել է ժամկետանց վարկ և տոկոս վճարող` պահանջելով վերադարձնել վարկի ամբողջ գումարը: Ընկերությունը զգուշացվել էր նաեւ, որ բանկի կողմից նաև վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու պարագայում բանկն իրականացնելու է հայցվորին պատկանող գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի վաճառքի գործընթաց:

Մեր տեղեկություններով, խոսքը 300.000.000 ՀՀ դրամ վարկային պարտավորության մասին է:

Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Հոլդինգի հայցը եւ ընկերությունը դիմել է վերաքննիչ դատարան:

Ըստ բողաքաբեր կողմի, առաջին ատյանի դատարանը ընդհանրապես չի գնահատել գործում առկա ընկերության հաշվի քաղվածքը (նոտարի վավերացրած պատճենը), փոխանցման հաշիվը, 25.05.2011թ. վճարման հանձնարարագրերը:

Մինչդեռ, վկայակոչված ապացույցներով հաստատվում է, որ ընկերությունն իր բանկային հաշիվը համալրել է անհրաժեշտ գումարով (վարկային պարտավորություններից էլ ավելի գումար), բանկը ընկերության հաշվից 25.05.2011 թվականին վերցրել է` թիվ 045-ի պայմանագրով` վարկի մարում-8.720.000 ՀՀ դրամ և տոկոսագումարի մարում-11.584.460, 30 ՀՀ դրամ, իսկ թիվ 010-ի պայմանագրով` 6. 106. 382,90 ՀՀ դրամ և տոկոսագումարի մարում-5.728.289,10 ՀՀ դրամ, բանկում սպասարկվող ընկերության հաշվում վերոհիշյալ մարումներից հետո մնացել է 305.004,30 ՀՀ դրամ մնացորդ:

Բանկը 010 և 045 համաձայնագրերի շրջանակներում ընկերությունից գանձել է ուղիղ այնքան գումար, որքան նախատեսված է ընկերության կողմից դատարան ներկայացված և դատարանի կողմից չկնքված որակված համաձայնագրերով (2-րդ համաձայնագրերով): Ընդորում, թե վճարման չափը և թե վճարման ժամկետն ամբողջությամբ համընկնում են հիշյալ համաձայնագրերին:

«Նման պայմաններում հարց է առաջանում, ինչպե՞ս է բանկը կատարել գանձում, որն իր չափով և վճարման ժամկետով ամբողջությամբ համընկնում է «չկնքված համարված» համաձայնագրերին, որտեղի՞ց բանկը պետք է իմանար նման համաձայնագրերի բովանդակության մասին, եթե ոչ իր ձեռքի տակ եղած նույնաբովանդակ համաձայնագրերից, և վերջին հաշվով ինչու՞ բանկը պետք է ղեկավարվեր մի համաձայնագրով, որը, ըստ իրեն, «չկնքված գործարք է» և չի կարգավորում կողմերի հարաբերությունները»,-նշել էր իր բողոքում բողոքաբեր կողմը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728