Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպի, առանց չափազանցության, համաշխարհային արձագանքները վկայում են, որ նրա հիշողության մեջ պահպանված խորհրդային այլախոհի մտակաղապարները խառնվել են ներկայումս կատարվող իրադարձությունների հետ՝ ստեղծելով մի յուրօրինակ համաձուլվածք։
Նման մտածողությունը, իրենից վանելով ֆիզիկական ժամանակը, ստեղծում է արժեքների մի ուրույն համակարգ, որում փաստորեն ջնջվում են «ներկա», «անցյալ» եւ «ապագա» հասկացությունները՝ վաղուց արդեն պատմությանը պատկանող Պարույր Հայրիկյանին դարձնելով «հավերժական ներկա»։
Իսկապես, հանգամանքների բերումով երկրի իրական քաղաքական կյանքից վաղուց հեռացած Հայրիկյանը իր մտածողության ողջ համակարգով գտնվում է անցյալ ժամանակում։ Բայց քանի որ նրա ներկա կեցությունը իրական՝ ֆիզիկական ժամանակում է, ուստի Հայրիկյանն ասում ու անում է այնպիսի բաներ, որոնցով առանձնանում է մեր մյուս ժամանակակիցներից։
Պարույր Հայրիկյան քաղաքական գործիչը ձեւավորվել է խորհրդային իրականության պայմաններում՝ ԿԳԲ-ի հետապնդումների ու ԳՈՒԼԱԳ-ին բնորոշ կենցաղային-վարքաբանական նորմերի ազդեցության տակ։
Դրանից հետո Հայրիկյանի համար ժամանակը կանգ է առել այն պահին, երբ Հայաստանի անկախացումով պատմության գիրկն է անցել այլախոհական մտածելակերպը, իսկ ահա նրա երազած «ինքնորոշումը» իրականություն է դարձել։
Այդ ամենի հետեւանքով Պարույր Հայրիկյանին մի պահ թվաց, թե ինքն ավելին է, քան անկախ Հայաստանը, ուստի Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում հայտնվեց ոչ թե «Պառավաքարում», այլ իրականում՝ «Ագռավաքարում»։
Բնական է, որ իր 1970-ականների պատկերացումներով անժամանակության տիրույթում հայտնված «քաղաքական» գործչի համար այսօր գոյություն չունի «ժամանակ» հասկացությունը։ Առնվազն՝ 20 տարի նման վիճակում անցկացրած Պ.Հայրիկյանի պատկերացրած «ռուսական իմպերիալիզմը» ներկայումս անկախ Հայաստանի ամենամերձավոր դաշնակիցն է։ Մինչդեռ նրա համար այդ իմպերիալիզմը նույնանում է առնվազն Սուսլովի, եթե ոչ՝ Ստալինի հետ։
Նույնն են նաեւ Հայաստանի անկախացման առաջադրանքին դիմակայող խորհրդային «ԿԳԲ-ի գործակալները», որոնք օրնիբուն «հետապնդում են» անխոնջ Հայրիկյանին, անշուշտ միֆական տարածության վրա, որը մեկ Պառավաքարի լեռներում է, մեկ՝ Տպագրիչների փողոցում։ Ուստի Հայրիկյանին թվում է, թե ինքը հիմա էլ շարունակում է «նենգ չեկիստների» դեմ պայքարը, որոնք, ի տարբերություն իրեն, վաղուց արդեն Վերին Երուսաղեմ են անցել։
Նման պայմաններում բնական է, որ անմահ Սերվանտեսի հերոսի նման Հայրիկյանը Տպագրիչների փողոցում «մարտնչել է» նագանով 27 սանտիմետրից իրեն «սպանելու» փորձ անողի դեմ՝ ենթադրելով, որ նրա տերերը մեր երկրին «ուզում էին զրկել ինքնորոշման հնարավորությունից»։
Ավելի քան 20-ամյա կենսագրություն ունեցող պետության համար այդ ի՞նչ ինքնորոշման մասին է խոսքը՝ ոչ ոք չգիտի, բայց մեր Դոն Կիխոտին թվում է, թե հողմաղացների հետ բախման գնալով՝ ինքը կարողացել է փրկել չքնաղ Դուլսինեայի պատիվը։
Բնական է նաեւ, որ նման պատկերացմամբ՝ միֆական տարածության մարմնավորումը հանդիսացող «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում անմիջապես նրա կողքին է հայտնվել նաեւ իր անբաժան ընկերը՝ Եղնուկյան ազգանունով, ճիշտ եւ ճիշտ՝ Սանչո Պանսան։
Իսկ ահա «չքնաղ Դուլսինեան», որի կերպարի տակ Պարույր Հայրիկյանը հասկանում է «ռուսական իմպերիալիզմի» ճիրաններում տառապող մեր երկիրն ու ժողովուրդը, ապշահար նայում է տեղի ունեցողին, այդպես էլ չհասկանալով՝ իրակա՞ն, թե՞ երեւակայական էր Պ.Հայրիկյանի «պայքարը» նագանավոր «այլանդակի» դեմ։ Քանզի վերջինս նույնիսկ «արա», կամ «մի բան» չի ասել Պարույրին՝ ապացուցելու համար, որ ինքը հայ է։
Չէ՞ որ բոլոր հայերը կրակելուց առաջ թերեւս արտաբերում են «արա» բառը, ուստիեւ Պ.Հայրիկյանը հանգել է այն եզրակացության, որ իր դեմ «մահափորձ» կատարածը «հայ չէր», այլ «ռուսական իմպերիալիզմի» գործակալ։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»