«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Աշտարակում զբոսնելու ընթացքում մտել է նաեւ Սերժ Սարգսյանի ու Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբները եւ աշխատողներին ազատ ընտրության կոչ արել։
«ՉԻ»- Ականատեսների վկայությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը «սաղ-սալամաթ» է դուրս եկել մրցակիցների շտաբներից։ Նույնիսկ մազերը չի խուզել։ Բայց քաղտեխնոլոգների կարծիքով՝ Րաֆֆին այս քայլով փորձել է բոլորովին այլ խնդիր լուծել եւ վրեժխնդիր լինել իր մրցակիցներից։ Ըստ երեւույթին նա տեղեկացել է, որ անգամ իր շտաբների աշխատակիցները հազիվ թե իրեն ձայն տան, եւ փորձել է արժանի հակահարված հասցնել՝ կողմնակիցներ հավաքագրելով մրցակիցների շտաբներում։
Մեկ այլ տեսակետի համաձայն, Րաֆֆին այս քայլով փորձել է քաղաքակիրթ քարոզարշավի եւ ազատ-արդար– թափանցիկ ընտրությունների պատրանք ստեղծել։ Համենայն դեպս սա առաջին դեպքն է, երբ ինչ-որ մեկը մտնում է Սերժ Սարգսյանի (կամ ՀՀԿ-ի) շտաբ, եւ նրանից անձնագրային տվյալներ չեն ուզում։ Հիմա արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր հիմքերն ունի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար։
«Չորրորդ ինքնիշխանություն»