Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Ինձ համար Հայրիկյանը ռեալ թեկնածու չէ»

Փետրվար 05,2013 13:11

Հայաստանի նախագահական ընտրությունները, թվում էր, բնականոն հունով կհասնեն իրենց վերջնագծին, սակայն թեկնածուներից Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը փոխեց շատերի ակնկալիքները։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ մեր զրույցը սկսեցինք այս դեպքի վերաբերյալ գնահատականներով։

– Շատ դժվար է հասկանալ, թե սա ինչի արդյունք է,- ասաց պարոն Շիրինյանը,- որովհետև  Հայաստանում քրեածին իրավիճակ կա։ Քանի որ ոտնձգությունը նախագահի թեկնածուի հանդեպ է կատարված, այն պիտի դիտարկել հետևյալ հարթությունում, սա իշխանության անձեռնմխելիության և հեղինակության նկատմամբ ոտնձգություն է։ Այսինքն, ամեն մի բանդիտ կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ գյադա-գյուդա, կարող է ցանկացած ժամանակ նախագահի թեկնածուի թևից քաշել, կրակել նրա վրա։ Այս իրավիճակում մյուս բոլոր թեկնածուները կարող են համատեղ հայտարարություն անել և հետաքննությունը վերցնել իրենց հսկողության տակ՝ չքաղաքականացնելով կատարվածը։

– Ասել է՝ մահափորձի քաղաքական ենթատեքստը բացառո՞ւմ եք։

– Հնարավոր է, որ դա մի քրեական հանցագործ է կատարել (դե, Պարույրն է, հազար ու մի թշնամի կարող է ունենալ, քաղաքական գործունեությամբ զբաղվող անձ է): Իհարկե, պետք չէ բացառել նաև մահափորձի քաղաքական շերտը։ Բայց եթե հիմա ամեն մեկը մի ենթադրություն անի, Հայաստանն իրար կխառնվի։ Այժմ պիտի հույսը դնել միայն իրավապահ մարմինների բացահայտումների վրա, առավել ևս, որ վերջին շրջանում ոստիկանության աշխատանքների արդյունավետությունը մեծացել է։

– Ո՞ւմ էր ձեռնտու սա։

– Դժվարանում եմ ասել, որովհետև ինձ համար Հայրիկյանը ռեալ թեկնածու չէ։ Նա մեր քաղաքական մշակույթի մեջ իր յուրահատուկ տեղն ունի՝ այլախոհ գաղափարախոսության կրող է, որի համար Հայաստանում այսօր պարարտ հող չկա։ Այս իսկ պատճառով նրա ընտրազանգվածը 90-ականներից հետո ոչ աճել է, ոչ նվազել։ Ես անձնական համակրանք չունեմ ոչ դիսիդենտների նկատմամբ, ոչ էլ նրանց գաղափարախոսության, որովհետև Խորհրդային Միությունը մի քիչ լավ գիտեմ։ Հիմա հասարակության միակ պահանջը պիտի լինի արդար հետաքննությունը։ Այս իրադարձությունը նույնիսկ չպետք է ազդի ընտրական բնականոն գործընթացի վրա։ Կար քաղաքակիրթ նախընտրական վիճակ։ Ընդհանրապես պարտադիր էլ չէ միտինգներ լինեն, որ ընտրական գործընթացներն այդպիսին համարվեն։ ԶԼՄ-ների դերն այնքան մեծ է այս ընտրություններում, որ մարդիկ, իրենց տանը հանգիստ նստած, կարող են հետևել բոլոր թեկնածուների քարոզչական աշխատանքներին։ Ոչ միայն ինձ, այլև շատերի համար ավելի հաճելի է հենց այս ձևը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728