Ինչպես ԼՂ հարցում առհասարակ, այնպես էլ Ստեփանակերտի օդանավակայանի հավանական գործարկման կապակցությամբ պաշտոնական Բաքվի վիճակը նախանձելի չէ: Բանակցություններում տեղաշարժ նույնիսկ չի ուրվագծվում, իսկ Ստեփանակերտ թռչելիք քաղաքացիական «առաջին իսկ օդանավը խորտակելու» մասին իշխող վարչախմբի հայտարարությունները միջազգային հանրության մեջ ավելի են խորացրել Ադրբեջանի` որպես ոչ քաղաքակիրթ երկրի մասին պատկերացումները:
Ստեղծված անբարենպաստ ֆոնը ցրելու փորձ երեկ արել է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: APA գործակալությանը նա ասել է. «Չիկագոյի կոնվենցիայի համաձայն գոյություն ունեն որոշակի կանոններ, որոնք ճանաչված են Ադրբեջանի կողմից: Դրանք ենթադրում են ապօրինի թռիչքների կանխում եւ դրանց (օդանավերի) հարկադիր վայրէջք որոշակի օդանավակայանում: Ուստի ճիշտ չէ, երբ ոմանք նախապես շահարկում են, որ Ադրբեջանը կործանելու է քաղաքացիական օդանավերը»:
Մի կողմ թողնենք հանգամանքը, որ Չիկագոյի կոնվենցիան կարգավորում է փոխադարձաբար ճանաչված օդային տարածքներում քաղաքացիական թռիչքների հետ կապված հարցեր եւ չի շոշափում իրավիճակներ, ինչպիսին առկա է Ադրբեջանի եւ ԼՂՀ չկարգավորված հարաբերություններում: Դա ակներեւաբար այլ խոսակցության թեմա է: Ընդգծենք, որ Չիկագոյի կոնվենցիան ստորագրած երկրներին պարտավորեցնում է ընդհանրապես չկործանել քաղաքացիական օդանավեր եւ, իրոք, սահմանում հարկադիր վայրէջքի կամ թռիչքն ընդհատելու եւ ելման օդանավակայան վերադարձի հետ կապված հանգամանքներ:
Այսպիսով, Արազ Ազիմովը հավաստիացնում է, որ Ադրբեջանը քաղաքացիական օդանավ չի խորտակելու, այլ իրականացնելու է Չիկագոյի կոնվենցիայի` իր իսկ կողմից ճանաչված կանոնները: Այսինքն, եթե դեպի Ստեփանակերտ քաղաքացիական օդանավ թռչի, ապա Ադրբեջանը, համաձայն Չիկագոյի կոնվենցիայի, «կապ է հաստատելու օդանավի հետ եւ, բացատրելով, որ այն հայտնվել է «իր օդային տարածքում», պահանջելու է վերադառնալ ելման օդանավակայան, իսկ եթե դա տեղի չունենա, ապա ձեռնարկելու է հարկադիր վայրէջքի գործողություններ»:
Կարդացեք նաև
Գործնականում անհնար է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Արցախյան քաղաքացիական օդանավի հետ կապ հաստատելու համար Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն պետք է փոխանակեն տեխնիկական տեղեկություններ: Այսինքն` շփման մեջ մտնեն համապատասխան գերատեսչությունների մակարդակով: Իսկ պաշտոնական Բաքուն այդպիսի հեռանկարից փախչում է ինչպես կրակից: Իսկ քաղաքացիական օդանավին հարկադիր վայրէջքի տանելու համար ադրբեջանական ռազմաօդային ուժերը «պետք է հատեն զորքերի շփման գիծը»: Մի բան, որ անգամ երեւակայությունից է դուրս:
Ազիմովը նաեւ անդրադարձել է խնդրի մարդասիրական կողմին: Նրա կարծիքով, ԼՂՀ-ում «ապրում է մոտավորապես 130 000 հայ, որոնց կարիքների բավարարման համար բավարար է Լաչինի միջանցքի օգտագործումը, որտեղով օրական առնվազն 70 բեռնամեքենա է երթեւեկում: Ուստի մարդասիրական նպատակներով օդային տարածք բացելու հարկ չկա»: Ադրբեջանի փոխարտգործնախարարը, սակայն, իր «բարձրության» վրա չէր լինի, եթե երկու հիմար նկատառում եւս չաներ: Մի դեպքում նա կարծում է, որ «օդանավակայանի գործարկումը կլինի անարգանք Խոջալուում զոհվածների հիշատակի հանդեպ»: Սա ակնհայտ շահարկում է: Քանի որ նախ խոջալուցիները զոհվել են օդանավակայանից առնվազն մեկուկես տասնյակ կմ հեռավորության վրա` Աղդամ քաղաքի մոտ, ճշգրտված չէ` ո՞ւմ կողմից (ստույգ տվյալներով` ադրբեջանական գրոհայինների), երկրորդ, եթե առաջնորդվենք զգայական չափանիշներով, ապա Բաքվի օդանավակայանը պետք է փակել անհապաղ, որովհետեւ 1990 թ. հունվարյան վայրագությունների օրերին հազարավոր հայեր այնտեղ ենթարկվել են անլուր անարգանքի եւ նվաստացումների, ինչի համար Ադրբեջանը դեռեւս քաղաքակիրթ աշխարհից ներողություն չի խնդրել:
Ազիմովի երկրորդ հիմարությունը նույնպես ցցուն է. նա կարծում է, որ «օդանավակայանը փորձում են գործարկել այլ նպատակներով, որպեսզի Ղարաբաղ բերվի ռազմական տեխնիկա…»: Թե քաղաքացիական օդանավն ինչպե՞ս կարող է «ռազմական տեխնիկա տեղափոխել»` այլ հարց է: Ազիմովի խոսքի անտրամաբանականությունն այն է, որ իր իսկ ասելով` «Լաչինի միջանցքով օրական 70 բեռնամեքենա է երթեւեկում», եւ ցանկության դեպքում դրանք կարող են նաեւ ռազմական բեռներ փոխադրել:
Խնդրին երեկ անդրադարձել է նաեւ Իլհամ Ալիեւին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը: Խոսելով դարձյալ քաղաքացիական օդանավ խորտակելու «իրավունքից», այդ հաստատության փորձագետը ստիպված խոստովանել է, որ այդ դեպքում «ոչ ոք չի հիշի Չիկագոյի կոնվենցիայի մասին»: Այսինքն` օդանավ խորտակելու դեպքում Ադրբեջանը միջազգայնորեն կդատապարտվի: Այդ դեպքում ո՞րն է «ելքը»: Ադրբեջանցի փորձագետն առաջ է քաշել «ուղղակի օդանավակայանին հարվածելու սցենարը»: Ինչպես ժողովուրդն է ասում` «աչքից էլ ազատվել, աչքացավից էլ»: Բայց չէ՞ որ դա հավասարազոր է ռազմական գործողությունների վերսկսման: Անկասկած է, որ եթե Ադրբեջանը թիրախ դարձնի Ստեփանակերտի օդանավակայանը, ապա դրան կհետեւի ԼՂՀ առնվազն համարժեք պատասխանը: Այդ դեպքում էլ Ադրբեջանը միջազգային քննադատության կենթարկվի` դրանից բխող հետեւանքներով:
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում, այսպիսով, պաշտոնական Բաքվի վերաբերմունքը կարելի է անվանել «խփել չի կարելի թռչել» անորոշությամբ: Ո՞վ ճիշտ տեղում կդնի «ստորակետը» եւ կսահմանի` «խփել չի՛ կարելի, թռչե՛լ»: Միջազգային հանրությո՞ւնը` ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, թե՞ հայկական կողմը: Գուցե` ադրբեջանական իշխող վերնախավի բանականությո՞ւնը: Ակնհայտ է միայն, որ այդ հարցում Ադրբեջանի ցուցադրած «սկզբունքայնությունը» հիմնականում քարոզչա-դիվանագիտական բնույթ ունի:
Հ. Գ. Չիկագոյի կոնվենցիայի ո՞ր հոդվածի «հիման վրա է» Ադրբեջանը Թուրքիայով միջնորդավորված թռիչքներ իրականացնում դեպի միջազգայնորեն չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»: Եթե Արազ Ազիմովը պատասխան գտնի այս հարցին, ապա նրա հետ կարելի է խոսել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման «ոչ օրինականության» թեմայով:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Ազգ»