Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ թեեւ Հայրիկյանի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջացել են մահափորձի հետեւանքով, բայց Հայրիկյանը չի դիմելու ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու համար :
Ասուլիսի կեսից միացավ նաեւ պարոն Հայրիկյանը: «Եկա ընդամենն ասեմ, որ այստեղ եմ քաղաքական դաշտում նաեւ ֆիզիկապես: Թող ամեն հայ իմանա, որ որեւէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքն իր ուղուց չպետք է շեղի: Դա ահաբեկչություն էր նաեւ իմ նկատմամբ եւ գիտեմ, որ այդ ահաբեկչությամբ զբաղվել են տասնամյակներ, բայց փորձել են սպանել ոչ թե ինձ, այլ այն արժեքները, որոնք ուզեցել եմ դարձնել իմ ժողովրդի սեփականությունը»:
Պարույր Հայրիկյանը անդրադառնալով Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, թե դեռ պետք է պարզել, արդյոք Հայրիկյանի դեմ ուղղված քայլը մահափո՞րձ էր, ասաց, թե ավելի պարկեշտ կլիներ , որ Բորդյուժան հարցներ Արթուր Բաղդասարյանին, ոչ թե ինքնուրույն հայտարարություններ աներ:
Պարոն Հայրիկյանի միջազգային կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանն էլ ասաց, որ Բորդյուժայի հայտարարությունից ինքը հասկացել է, որ կամ Բորդյուժան գիտի որոշ տվյալներ, որ դեռ չի հայտնել մեր ԱԱԾ-ին կամ էլ ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչն է. «Հիմա ուզում ենք սա պարզաբանել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ