Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Այդպիսի մարդիկ մտել են անգամ մորս տուն»

Փետրվար 05,2013 12:40

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրապարակեց մի տվյալ, որը նրա կարծիքով, չի բացառվում, որ առաջիկայում իշխանություններն օգտագործեն սեփական շահի համար:

Հիշեցնելով ԿԸՀ-ին ուղղված իր դիմումը, որում հորդորում էր ՏԻՄ մարմինների միջոցով պարզել, թե Հայաստանում քանի ընտրող է մնացել, թեկնածուն փաստում է, որ իր խորհրդին հետեւել են եւ բավականին լուրջ ու կազմակերպված աշխատանք է վարվում: Ըստ թեկնածուի՝ թաղապետերը հրավիրում են շենքերի լիազորների հավաքներ, նրանց ձեւաթղթեր են փոխանցել, որտեղ մանրամասն տեղեկատվություն է պահանջվում շենքի բնակիչների վերաբերյալ՝ առկա, բացակա, քվեարկող եւ այլն: Իր խնդրանքին ընդառաջ գնալու իշխանության պատրաստակամության մեջ, թեկնածուին մտահոգում է մի փաստ. Ձեւաթղթի վերջին տողում հարց կա`ովքե՞ր կքվեարկեն ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: «Թաղապետերը շենքերի լիազորներին հավաքում են, այդ մարդկանց միջոցով ճնշում գործադրում ընտրողների վրա, որովհետեւ նրանք անցնում են տնից -տուն եւ հարցնում`արդյոք դուք կքվեարկե՞ք ՀՀԿ թեկնածուի օգտին:

Այդպիսի մարդիկ մտել են անգամ Աջափնյակ համայնքում բնակվող մորս տուն, մեր շտաբի անդամի տուն եւ կաշառք առաջարկել: Սա, եթե այսքան տխուր չլիներ, կարող էր ծիծաղ շարժել: Բայց սա տխուր է եւ ողբերգական, մեր երկրի, իշխանության համար: Իշխանության որակը բնութագրող երեւույթ է»,- եզրակացրեց Մելիքյանը:

Բոլոր դեպքերում, նա ուրախ է, որ տվյալներ են հավաքում երկրից բացակայոող ընտրողների վերաբերյալ նաեւ: Բայց նշված վերջին տողը համարում է կատարյալ օրինախախտում: Թեկնածուն պատրաստվում է այս հարցը բարձրացնել ԿԸՀ-ում, տեղական ու միջազգային դիտորդների առջեւ, քանի որ դա համարում է բնակչությանն ահաբեկելու միջոց. «Ոչ մի քաղաքացի ապահովագրված չէ տխմար ճնշումից: Վարչական ռեսուրս են օգտագործում: Թող դա անեին կուսակցական գրասենյակների միջոցով, չեզոք կազմակերպությունների միջոցով»:

Ի դեպ, թեկնածուի շտաբը նաեւ հարցում է ուղարկել «Գրանդ քենդի» ընկերություն՝ հասկանալու համար, թե ինչու են անձնագրեր հավաքում, ինչի մասին ահազանգ էր ստացել Մելիքյանի շտաբը: Ընկերությունից արձագանք դեռեւս չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728