Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աշակերտուհին` ադրբեջանցիներին. «Իմ մեջ սերմացած չի թունոտ մտածելակերպ» (Տեսանյութ)

Փետրվար 05,2013 12:21

Ashotyan_2 Ashotyan_3 Այսօր Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում Եվրոպական Միության օժանդակությամբ շարունակվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» խորագրով ծրագիրը գումարեց Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի երրորդ նստաշրջանը, որի բացմանը մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Ալուդա Գոգլիչիձեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: ՀԿԵԽ-ի աշխատանքներին մասնակցում են աշակերտներ Հայաստանից եւ Վրաստանից, ովքեր կընդունեն Միացյալ Հռչակագիր` հետագայում այն Բրյուսելում ընտրված պատվիրակների կողմից Եվրոպական խորհրդարանին հանձնելու նպատակով:

«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շնորհիվ Հարավային Կովկասի ուսուցիչները ծանոթանում են ուսուցման ժամանակակից մեթոդներին, իսկ աշակերտները` հնարավորություն ստանում սեփական փորձով զգալ ժողովրդավարության գործնական դրսեւորումները: Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը նշեց, որ ծրագիրը կամփոփի արդյունքները ապրիլին, սակայն հաջողություններն արդեն ակնհայտ են` նվիրյալ թիմի աշխատանքների շնորհիվ: «Մինչ ծրագրի մեկնարկը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը եւ Եվրոպայի խորհուրդը Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի քաղաքական դասընթացների դպրոցների հետ անցկացրեց քննարկումներ, որոնցում շեշտվում էր այն հանգամանքը, որ ժողովրդավարության մասին գիտելիքները երեխաներին պետք է փոխանցել հենց դպրոցից»,-հավելեց պարոն Զաքարյանը:

Դիմելով մասնակից աշակերտներին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կոչ արեց չմոռանալ նաեւ մեր հարեւան երկրների աշակերտներին. «Լավ իմաստով մենք «դատապարտված» ենք ապրել իրար հետ կողք-կողքի: Չմոռանանք, որ կան նաեւ ադրբեջանցի երեխաներ, ովքեր այս պահին Հայաստանում չեն, որովհետեւ զոհ են իրենց երկրի ղեկավարության քաղաքական խաղերին եւ դիրքորոշմանը: Երբեք չվանեք նրանց ձեզանից: Ամենալավ պատասխանն ատելությանը հարգանքն է եւ մարդկային մոտեցումը: Այսօր մեծանում է սերունդ, որը հարկ եղած դեպքում պատրաստ է պաշտպանել իր երկրի հանդեպ դրսեւորած ոտնձգություննները»: Նախարարը հավելեց, որ «ժողովրդավարություն» եւ «հայրենասիրություն» գաղափարների միջեւ հավասարության նշան է դնում. «Եթե նախկինում ժողովրդավարություն հասկացությունը ենթադրում էր հավասար լինելու իրավունքներ, ապա այսօր` հավասար իրավունքներ` տարբեր լինելու համար»:

Aravot.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի համար 1 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լենա Զաքարյանը նշեց, որ ծրագրին մասնակցում է դպրոցում անցկացված ընտրական փուլը հաղթահարելու արդյունքում: «Ես ծանոթացա իմ հարեւանների հետ, որոնց իրոք բարի-դրացիական են: Կուզենայի, որ նաեւ ադրբեջանցի աշակերտներ լինեին մեզ հետ, որպեսզի կարողանայի նրանց ապացուցել, որ իմ մեջ սերմնացած չի թունոտ մտածելակերպ, ես հավասար եմ վերաբերվում նրանց: Շատ ուրախ կլինեի նաեւ նրանց այստեղ տեսնել»-ասաց աշակերտուհին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728