Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննությունը դեռ չսկսած՝ այն միահամուռ ջանքերով ուղարկվեց գրողի ծոցը

Փետրվար 05,2013 12:05

Զարմանքից է սկսվում գիտությունը, ինչպես հայտնի է դեռեւս Արիստոտելի ժամանակներից, իսկ զարմանալին տվյալ դեպքում այն է, որ մահափորձի լուրի հաստատումից բառացիորեն երկու-երեք ժամ անց արդեն Հանրապետության երկրորդ դեմք՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ կատարվածի թիկունքում կան քաղաքական ուժեր։ Սրան հետեւեց նաեւ կրթության նախարարի, հանրապետական մի քանի պատգամավորների եւ վերջապես, Հանրապետության նախագահ ինքնահռչակված անձի՝ Սերժ Սարգսյանի նմանատիպ հայտարարությունները։ Սա իրոք, զարմանալի է, որովհետեւ ընդունված է, որ պաշտոնական անձինք նման դեպքերում զգուշություն ցուցաբերեն, չշտապելու կոչեր անեն եւ հղեն նախաքննությանը՝ չբացառելով կատարվածի որեւէ վարկած։

Իհարկե, կարող եք ասել, որ տվյալ դեպքում կենցաղային վարկածը քիչ հավանական է։ Ես եւ դուք, սիրելի ընթերցող, կարող ենք շատ բան քիչ հավանական համարել, բայց պաշտոնական անձն այլ հավասար պայմաններում, եթե նույնիսկ չնչին հնարավորություն կա տարբեր վարկածների, չի կարող միանշանակ պնդումներ անել դեպքից անմիջապես անց, այն պայմաններում, երբ գործի իրավական քննությունը դեռ չի էլ սկսվել։ Ի դեպ, համեմատության համար հիշեք աղմկահարույց այլ քաղաքական դեպքեր, թեկուզ հոկտեմբերի 27-ը։ Հիշո՞ւմ եք, որ այդ ժամանակ մեզ ասվում էր, թե պետք է սպասել նախաքննությանը, եւ ավելին, նրանք, ովքեր փորձում էին տեղի ունեցածի մեջ տեսնել ավելին, քան ռոմանտիկների մի խմբի արարք, կասկածի տակ էին առնվում, որպես պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներ եւ այլն։ Իսկ հիմա, ամեն բան ճիշտ հակառակն է՝ ով թեկուզ զուտ տեսականորեն չի բացառում, որ տեղի ունեցածը կարող է լինել, այսպես ասած «ռոմանտիկի» գործ, մի տեսակ ի սկզբանե հիմարի դիրքում է հայտնվում։ Ճշտեմ ասելիքս։

Ես, իհարկե, ահագին հավանական եմ համարում տեղի ունեցածի քաղաքական հիմքը, բայց այն համոզվածությունը, որով դա պնդում են պաշտոնական մակարդակով ոչ միայն զարմանալի է, այլեւ՝ այս պահին միակ թելն է, որից քաշելով, շարքային քաղաքացին կարող է հարցի ինքնուրույն քննություն սկսել, դիմադրելով լրատվական եւ, ըստ էության արդեն կարող ենք պնդել նաեւ, քարոզչական հիստերիային։ Սա զարմանալին էր։ Բայց կա նաեւ մազալուն։

Ոչ միայն պաշտոնատար անձինք, այլեւ հասարակական գործիչների բավականին որոշակի խումբ, որոնք ցայսօր դեռ ներկայանում են, որպես ընդդիմադիրներ, կոչենք դրանց՝ «Զագրանիցա նամ պոմոժետ» իբր խիստ գաղտնի երիտմիության անդամներ, նույն շտապողականությամբ եւ նույն 100 տոկոսանոց համոզվածությամբ կրկնեցին պաշտոնյանների ասածը՝ մահափորձի հեղինակները միանշանակ քաղաքական նպատակներ ունեին։ Ավելին՝ սույն առաջադեմ համույթի անդամներից ոմանք, կարծես, մոռանալով իրենց առայժմ գոնե անվանապես ընդդիմադիր կարգավիճակը, հասան նրան, որ պնդեցին, թե տեղի ունեցածը միանշանակ ձեռնտու չէր միայն Սերժ Սարգսյանին (այսինքն, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանին կարող էր ձեռնտու լինել, հա՞), ավելին՝ հարված է ուղղված հենց նրան։ Այսինքն ոչ միայն բացառվեցին բոլոր վարկածները, բացի քաղաքականից, այլեւ քաղաքականի մեջ բացառվեց իշխանական տարբերակի հնարավորությունը (շեշտեմ, դեռ ձեւականորեն ընդդիմադիր մարդկանց կողմից):

Մի խոսքով, նախաքննությունը դեռ չսկսած՝ այն միահամուռ ջանքերով ուղարկվեց գրողի ծոցը։ Այստեղ տեսականորեն հնարավոր է մի քանի տարբերակ։ Առաջինը՝ պաշտոնատար անձինք եւ «պրիմկնուվշիյ կ նիմ Շեպիլով», որոնք միանշանակ պնդում են, թե մահափորձ կատարողի թիկունքում քաղաքական ուժեր կան, տիրապետում են ինչ-որ կարեւոր տեղեկությունների։ Եթե այդպես է, ուրեմն, անհասկանալի է, թե ինչու իրենց իսկ գնահատմամբ պետության համար այս ճակատագրական օրերին, նրանք չեն հայտնում հանրությանն այդ խիստ կարեւոր տեղեկության գոնե մի մասը։ Բացի այդ, եթե նույնիսկ այս պահին նպատակահարմար չէ հայտնել ողջ իսկությունը, ապա շատ ցանկալի է, որպեսզի հնարավորինս տեսանելի ապագայում, մեզ ներկայացվեն համոզիչ փաստարկներ քաղաքական վարկածի առումով՝ իրավական կամ վերլուծական, այլապես իրավիճակն էլ ավելի կասկածելի կարող է դառնալ։

Իսկ եթե քաղաքական վարկածը միանշանակ կերպով պնդող մարդկանց խումբն, իրականում ոչ մի ստույգ տեղեկություն էլ չունի, այլ ելնում է զուտ ենթադրություններից, քաղաքական նախասիրություններից, խմբային եւ անձնական շահերից, ապա դա նշանակում է, որ իրավիճակը պարզապես անխնա շահարկվում է։

ՈԻՍՏԱ ՀՐԱՆՏ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. HAYK says:

    Հանրապետության նախագահ ինքնահռչակված անձը ընդամենը իր մասնավոր կարծիքն ա հայտնել, ոնց որ թարս բուսնած խիյարի դեպքում: Էդ ա մեր ունեցածը……………..

  2. dyadyur says:

    Ամեն դեպքում, ,,օպերացիան,, հաջող անցավ. ճիշտ այնպես,ինչպես որ պլանավորված էր: ԿԳԲ-ն,ՑՌՈՒ-ն կամ Մոսսադը. գլուխները պատով են տվել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728