Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնա՞լ է եղել արդյոք Պարույր Հայրիկյանի վրա կրակողը. մասնագետի դիտարկումներ (Ֆոտոշարք)

Փետրվար 05,2013 11:59

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարած անձը հնարավոր է օգտագործած լինի «նագան» տիպի ռևոլվեր: Այս մասին 168.am-ին ասաց Ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած մի քրեագետ, ով  չցանկացավ ներկայանալ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23:20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել թեկնածու Պարույր  Հայրիկյանի  վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

Առայժմ իրավապահ մարմինները չեն հայտնում, թե ինչ տիպի հրազենից են կրակել Պարույր Հայրիկյանի վրա, նշվում է միայն, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Այն հանգամանքը, որ դեպքի վայրից պարկուճ չի հայտնաբերվել, հենց սկզբից ենթադրությունների առիթ տվեց, որ օգտագործվել է նագան տիպի ատրճանակ:  Մեր զրուցակիցը նշեց, որ 7,62  մմ տրամագծով գնդակներով կրակում են շատ զենքեր, օրինակ՝ նագանը, ՏՏ տեսակի  ռևոլվերը, մաուզերը, ՊՊՇ տիպի ավտոմատը, ԱԿՄ-ը,  Կավալերսկի կարաբինը, մոսինը:  Նա նշեց, որ չի բացառվում  այդ տրամաչափի գնդակով կրակած լինեն նաև ինքնաշեն զենքից: «7,62մմ-ով շատ զենքեր կան, տարբերությունները գնդակի ձևի և պարկուճի մեջ են»,- նշեց նա:

Նագան

nagan-1

 

ՏՏ  ռևոլվեր

TT

 

Մաուզերը

MAUZER

 

ԱԿՄ ինքնաձիգ

akms2_b

 

ՊՊՇ տիպի ավտոմատը

PPSH

 

Մոսին

Mosin

Նրա խոսքերով, եթե Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարած անձը խլացուցիչով է կրակել, ապա բացառվում է, որ դա լինի  ՏՏ  տեսակը: Նա նշեց, որ պետական արտադրության խլացուցիչով նագան չկա, սակայն հնարավոր է նագանի ծայրին խլացուցիչ ամրացնել:  Նա չբացառեց, որ հնարավոր է օգտագործել ավտոմատ՝ հրազենի խողովակը կտրելով:

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պարույր Հայրիկյանը պատմել էր, որ հանցագործի ձեռքը լաթի մեջ է փաթաթված եղել: Այս տեղեկությունը որոշ ենթադրությունների տեղիք տվեց, թե լաթը փաթաթվել է նախ՝ ձայնը խլացնելու համար, երկրորդը՝ որպեսզի պարկուճը չընկնի: Այս պարագայում խոսքը, բնականաբար, նագանի մասին չէ: Մեր զրուցակիցը քիչ հավանական համարեց այդ տարբերակը՝ նշելով, որ լաթը ձայնը չէր կարող խլացնել, հատկապես, եթե ՏՏ լիներ: Ինչ վերաբերում է պարկուճը լաթի մեջ թողնելու տարբերակին, ապա դա ևս, ըստ քրեագետի,  հավանական չէ, քանի որ կտորը կարող էր խանգարել  կրակելուն: Նրա խոսքերով, պարկուճը թաքցնելու համար կա այլ ձև՝ կարող էր փոքրիկ տոպրակ ամրացնել պարկուճի ընկնելու տեղից:

Նա առավել հավանական համարեց նագանով կրակելու տարբերակը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ  այդ զենքով իրար հետևից կրակելու դեպքում ձեռքը կարող է դողալ և վրիպել, հատկապես այն դեպքում, եթե ձգանը քաշված չլինի, և կրակողը վարժված չլինի այդ զենքին: Մեր զրուցակիցը նշեց, որ  կրակողը չէր կարող ձգանը քաշել, քանի որ ժամը բավական ուշ էր, և յուրաքանչյուր փոքրիկ ձայն կարող էր մատնել նրան: Ըստ մեր զրուցակցի, նագանի առավելությունն այն է,  որ  ի տարբերություն այլ զենքերի, անգամ փամփուշտների խոնավանալու դեպքում առանց  ձգանը  քաշելու կարելի է նորից կրակել՝ առանց ժամանակ կորցնելու:

«Ինչու է վրիպել կրակողը» հարցին ի պատասխան ևս մեր զրուցակիցը մի քանի տարբերակ առաջարկեց: Ըստ նրա, նախ՝ պետք է պարզել` կրակողը ցանկացել է սպանե՞լ Հայրիկյանին, թե՞ դա պարզապես նախազգուշացում էր: Եթե հաստատ մտադրված է եղել սպանել, ապա, մեր զրուցակցի խոսքերով՝ հնարավոր է, որ կրակողը պրոֆեսիոնալ մարդասպան չի եղել: Նախ՝ պրոֆեսիոնալ մարդասպանը, մեր զրուցակցի կարծիքով, կկրակեր գլխին, ուսին չէր կրակել այդքան մոտ տարածությունից, և հանցագործության համար այլ վայր կընտրեր:

«Պրոֆեսիոնալն ավելի լավ հաշվարկ կաներ,  30 սմ-ից գլխին կկրակեր կամ էլ դանակով կխփեր: Գուցե պրոֆեսիոնալ է, բայց  շեղելու համար ցանկանում է ցույց տալ, թե այդպիսին չէ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում տարբերակները շատ են, և ճիշտ տարբերակի վրա կանգնելու համար պետք է համալիր աշխատանք տարվի: Նա նշեց, որ մոտ տարածությունից կրակելու դեպքում հարվածը պակաս վտանգավոր է: «Եթե գնդակն իր սկզբնական արագությունը հավաքած լիներ, դուրս կգար մարմնից: Գնդակն իր սկզբնական արագությունը հավաքելու ժամանակն ունի, իսկ մոտիկից կրակելու դեպքում արագություն չի հավաքում: Դա վերաբերում է բոլոր տիպի զենքերին»,- նկատեց քրեագետը:

Մեր զրուցակիցը նշեց, որ հանցագործը  զենքը տարել  է, որպեսզի հետագա գենտիկական անալիզների ժամանակ հավելյալ ապացույցներ չլինեն:

Ինչ վերաբերում է հանցագործության վայրին, հնարավոր է, որ կրակողն այն ընտրել է այն պատճառով, որ մարդն իր բակում ոչ սթափ է լինում, այսինքն՝ իրեն ավելի ապահով է զգում: Տվյալ դեպքում կարող է լրացուցիչ գործոն լինել այն հանգամանքը, որ Տպագրիչների փողոցը մարդաշատ չէ և փախուստի համար հարմար է:

Մեր զրուցակիցը՝ իբրև պրոֆեսիոնալ, շեշտեց, որ իր ասածներն ընդամենը վարկածներ են, և միայն ամբողջական հետաքննության արդյունքում է հնարավոր հայտնաբերել հանցագործին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728