Լրահոս
Օրվա լրահոսը

Չկարողացան նույնիսկ Դեդ Հասանին փրկել, ուր մնաց՝ Պ. Հայրիկյանին

Փետրվար 05,2013 11:54

«Մոտ մեկ ժամից մենք կիմանանք պարոն Հայրիկյանի որոշումը՝ ընտրական գործընթացները դադարեցնելու, թե շարունակելու: Իսկ թե ովքեր են այս դեպքից օգտվել, ինձ թվում է չկա մի կողմ, որ չցանկանա օգտվել եւ չկա մի կողմ, որ չուզենա հետեւություններ անել սրանից»,- այսօր «Արցախ» ակումբում  վերլուծելով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Հարցին, եթե ընտրությունները հետաձգվեն, կլինե՞ն վերադասավորումներ, թե՞ ամեն ինչ կմնա նույնը, միայն ամսաթիվը կփոխվի՝ պարոն Պողոսյանը պատասխանեց. «Անկասկած, լինելու է փոփոխություն: Ցանկացած ուժ նստելու եւ նայելու է իր տակտիկական քայլերի հետեւանքները: Ինձ համար կա դեռ խնդիր, որը պետք է դատարանը մեկնաբանի: Օրենքն ասում է, որ ընտրություններն են հետաձգվում, բայց որեւէ տող չի ասվում, որ քարոզարշավը դադարեցվում է: Եթե չի դադարեցվում, միգուցե ցանկացած ուժի համար այդ հավելյալ երկու շաբաթը գուցե ավելի դրական լինի: Կային մեկնաբանություններ, որ 28 օրը քարոզարշավի համար շատ քիչ է, միգուցե հետեւություններ անենք սրանից, որ արժե քարոզարշավը երկարաձգենք:

Ամենաշատն օգտվելու է նա, ով ունի ռեսուրսներ: Հասկանալի է, որ իշխանության ներկայացուցիչը ավելի լայն ռեսուրսներ ունի»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ թեկուզ չեք այցելել Պարույր Հայրիկյանին, այս օրերին չեք զրուցել նրա հետ, բայց պատմելով ի՞նչ տպավորություն ստացաք՝ ցանկացել են Պարույր Հայրիկյանին սպանել եւ այդքան մոտ տարածություն ից վրիպե՞լ են, թե՞ վախեցրել են ընդամենը՝ Թեւան Պողոսյանը պատասխնեց. «Հաշվի առնելով երեկ Արա Պապյանի ասածները, որ եթե դա փորձեին իրականացնել հատուկ ծառայությունները, ապա իրենք դա չեն անում այդ հեռավորությունից, չեն անում այդ զենքով, եւ անում են այնպես, որ դա լինի 100%-անոց: Այնպիսի անվտանգության աշխատողներ, ինչպես ունեն քրեական աշխարհի ներկայացուցիչներ, չկարողացան նույնիսկ Դեդ Հասանին պահպանել, եթե նպատակ է դրված, որ պիտի վերացնեն: Չգիտեմ ինչ էին ցանկանում անել, բայց Աստծո ձեռքը կար նրա մեջ, որ պարոն Հայրիկյանը այսօր կա, կենդանի է, իր ծառայությունները կբերի մեր պետության զարգացման համար»:

Թե Պարույր Հայրիկյանի վարկանիշն այդ դեպքից հետո ինչքան կբարձրանա՝ Թեւան Պողոսյանը չի մտահոգվում. «Մենք մեր աշխատանքը եթե ճիշտ անենք ու ամեն քաղաքացուն կարողանանք մեր տեսլականը բացատրենք ու համոզենք, որ ընտրության օրը ոչ թե տունը մնա, այլ գնա ընտրատարածք քվեարկի, ինձ թվում է՝ դրանում է լինելու մեր հաջողությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728