Հատված ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հարցազրույցից:
– Պարոն Դալլաքյան, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ կոպիտ խոսում քաղաքացիների հետ. հատկապես վերջին ժամանակահատվածում հայտնի «խիարը թարս է բուսնում» արտահայտությունն ինչո՞վ կբացատրեք։
– Ես 17 տարվա պատգամավորական փորձ ունեմ ու ասեմ, որ ընդհանրապես քարոզչության ընթացքում, ասենք, տարբեր երեւույթներ, տարբեր նրբերանգներ կարող են տեղի ունենալ։ Ես չեմ կարծում, որ լրագրողները պետք է աքցենտները դնեն, ասենք, նման երեւույթների վրա։ Նույնիսկ ծիծաղելի եմ համարում, ասենք, որ հիմնական հարցադրումները թողած՝ անդրադառնում են նման հարցերին։ Ես ուզում եմ ավելի ուրիշ ու լուրջ գնահատականներ տալ։ Իսկ նման բաներին, վարունգի պատմությունը եւ այլն, եւ այլն… Ձեզ էլ առաջարկում եմ ավելի թեթեւ ու մի քիչ էլ հումորով վերաբերվել։
– Իսկ ո՞րն է Ձեր ասելիքը։
Կարդացեք նաև
– Նախագահական ընտրությունների հետ կապված՝ ես ուզում եմ երեք բան նշել։ Ուրեմն առաջին անգամ Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների մեկնարկին ռեւանշիզմը պարտվեց։ Այսինքն՝ ընդդեմ, միմյանց ոչնչացնելու մոտեցումը պարտվեց, եւ սրա հիմնական կրողը, նման մթնոլորտի ստեղծողը հենց Սերժ Սարգսյանն է։
Երկրորդը՝ որոշակիորեն կամ մեծապես նվազել է քարոզչության ընթացքում օլիգարխիկ-կրիմինալ ֆակտորի դերակատարությունը։ Եթե նկատել եք, Ս. Սարգսյանը քարոզչությունը մենակ է վարում։ Եվ, ընդհանուր առմամբ, ես սա էլ եմ համարում լուրջ ձեռքբերում։
Երրորդ՝ ես սա էլ համարում եմ Ս. Սարգսյանի ընդհանուր քաղաքական հաջողություններից մեկը. չի գործում թեկնածուների կողմից միմյանց ոչնչացնելու սկզբունքը, եւ չի գործում ընդդեմ սկզբունքը, գործում է հանուն սկզբունքը, երբ թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ծրագիրը ու նպատակ չի դնում ոչնչացնելու դիմացինին:
«Ժողովուրդ»