Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Գասպարյանի խորհրդականի անունից կաշառք էին ստացել

Փետրվար 05,2013 11:42

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Արթուր Ղալումյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վիճաբանություների փուլը:

Պաշտպանական եւ մեղադրական ճառերով հանդես պետք է գային դիլիջանցի ամբաստանյալի պաշտպանն ու մեղադրանքը պաշտպանող դատախազը: Ի դեպ, Ա.Ղալումյանի պաշտպանությունն իրականացնում էր ճանաչված փաստաբան Անահիտ Եսայանը, որն այլեւս հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան է:

Ըստ մեղադրանքի, Արթուր Ղալումյանը միջնորդի միջոցով փորձել է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ:

Նա 2011 թվականի դեկտեմբերի 5-ից ազատված լինելով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնից և գրանցված լինելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, կրկին պաշտոնի նշանակվելու համար 2012 թվականի հունիսի 28-ին ծանոթացել է Արթուր Հակոբյանի և Արամ Մկրտչյանի հետ: Վերջիններս մոլորության մեջ են գցել նրան: Փախուստի մեջ այսօր գտնվող Ա.Հակոբյանն ու Ա.Մայիլյանը Ղալումյանին հավատացրել էին, թե ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի գլխավոր խորհրդական Հայկարամ Ստեփանյանը 30.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարող է օգնել նրան՝ ճանապարհային ոստիկանության վերոհիշյալ գումարտակում վաշտի հրամանատարի պաշտոնում նշանակվելու հարցում։

Գումարը Արթուր Ղալումյանը տվել է Արթուր Հակոբյանին անձամբ, նախ, 25.000 դոլարի չափով, ապա հաջորդ օրը՝ 5.000 ԱՄՆ դոլարի:

Ա. Հակոբյանը և Ա. Մկրտչյանը տիրացել են 30.000 ԱՄՆ դոլար գումարին:

Այսօր դատարան պետք է ներկայացվեին Ա.Ղալումյանի խնամքի տակ գտնվողների տվյալները, որոնք տրվել էր Դիլիջանի քաղաքապետրանի կողմից: Սակայն ըստ պաշտպանի՝ դատարանում արված հայտարարության, տեխնիկական սխալ էր տեղի ունեցել, ինչի պատճառով նա խնդրեց մեկ օրով հետաձգել դատական նիստը: Մեղադրողը չառարկեց:

Դատական նիստը նշանակվեց փետրվարի 8-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728