Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը վերջին օրերին սկսել է մեկը մյուսի հետեւից բավականին վտանգավոր հայտարարություններ անել

Փետրվար 05,2013 11:36

Այսօր կեսօրին հրավիրելիք ասուլիսում Պարույր Հայրիկյանի փաստաբանները կներկայացնեն վերջինիս որոշումը՝ կապված ընտրությունները հետաձգելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու հետ։ Հունվարի 31-ի գիշերը մահափորձի հետեւանքով վիրավորված նախագահի թեկնածուն, ով ի դեպ, բժիշկների գնահատմամբ արդեն 2-3 օրից դուրս կգրվի, երեկ լրագրողներին ասել էր, որ անկախ ամեն ինչից, ինքը դեմ է նոր ընտրություններ անցկացնելու Անդրիաս Ղուկասյանի կոչին, քանի որ դա համարում է «դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ»։ «Ահաբեկչության ճանապարհով հայ ժողովրդին ստիպել փոխել իր ճանապարհը՝ ես դրան ընդառաջ գնալու իրավունք չունեմ»,- ընդգծել էր թեկնածուն։

Անշուշտ, դժվար է կասկածել նոր ընտրություններ չհայտարարելու՝ Հայրիկյանի դիրքորոշման արդարացիության մեջ։ Խնդիրն այն է, սակայն, որ վերջին օրերին նա սկսել է մեկը մյուսի հետեւից բավականին վտանգավոր հայտարարություններ անել՝ սկսած Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրին մեղադրանքներ ներկայացնելուց, ավարտած իր դեմ կատարված մահափորձը ահաբեկչություն որակելով։

Եվ, որ էլ ավելի մտահոգիչ է՝ զուգադրելով ահաբեկչություն եւ ընտրություններ հասկացությունները։ «Ահաբեկչություն եւ ժողովրդավարական սկզբունքների միաժամանակյա ներկայություն, դրանք արդյոք համադրելի են»,- երեկ ինչ-որ անհայտ մասնագետների անունից նման հռետորական հարց է ուղղել Հայրիկյանը եվ ապա պատասխանել. «Ոչ, համատեղելի չեն»։

Նախ՝ զարմանալի է, որ ԱԻՄ առաջնորդը հանկարծ սկսեց հավատալ այս ընտրապայքարում ժողովրդավարական սկզբունքների առկայությանը, ինչի մասին մինչեւ մահափորձը, մեղմ ասած, այլ կարծիք ուներ։ Սակայն էլ ավելի տարակուսելի են իր նկատմամբ կատարված չհաջողված մահափորձը «ահաբեկչություն» որակելու նրա փորձերը։ Հիշեցնենք, որ մինչ այժմ հետաքննող մարմնի կողմից չեն բարձրաձայնվել կատարվածի հիմնական վարկածները։ Հետեւաբար՝ գոյության նույնպիսի իրավունք ունեն մահափորձը ե՛ւ բիզնես հետաքրքրություններով պայմանավորող (գաղտնիք չէ, որ Հայրիկյանը, օրինակ, բենզալցակայան ունի), ե՛ւ անձնական վրեժխնդրության (Հայրիկյանի՝ կանացի սեռի որոշ ներկայացուցիչների հետ ոչ միանշանակ հարաբերությունների մասին նախօրեին բարձրաձայնեց Ա. Ադիբեկյանը), ե՛ւ, ի վերջո, քաղաքական վարկածները։ Հետեւաբար՝ ահաբեկչության մասին Հայրիկյանի պնդումներն առնվազն վաղաժամ են եւ չհիմնավորված։ Սակայն անկախ այդ հանգամանքից, կասկածից դուրս է, որ հենց «ահաբեկչություն» տերմինը կարձանագրվի միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում, էլ չասած՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի անթաքույց հրճվանքը՝ Հայաստան եւ ահաբեկչություն բառերը զուգադրելու այդպիսի հնարավորություն ստանալու համար։

Մի՞թե իր կյանքի լավագույն տարիները ՀՀ պետականության կերտման ու ինքնորոշման համար զոհաբերած գործիչն այդ ամենը չի հասկանում։ Եվ արդյոք նման անզգույշ հայտարարություններով սեփական վարկանիշը բարձրացնելու նրա փորձերը պակաս դավադրություն են հայ ժողովրդի նկատմամբ։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728