Թեւան Պողոսյանը գտնում է, որ արժե թեկնածուների բնակարանի մոտ լսող սարքեր տեղադրել ու նրանց վերահսկել:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը քաղաքական դաշտի այն բացառիկ գործիչներից է, որ չի այցելել Պարույր Հայրիկյանին հիվանդանոցում: Նա դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Եթե այցելի էլ՝ լրագրողները գուցե չիմանան այդ մասին, որովհետեւ գտնում է, որ Պարույր Հայրիկյանին ցուցադրական այցելելն անընդունելի է: «Վստահ չեմ, որ ամեն այցելությունը միայն դրական է: Ես մաղթել եմ իրեն առողջություն: Այցելության խնդիրը չեմ ցանկացել օգտագործել PR էլեմենտ: Նրանք, ովքեր օգտագործել են՝ օգտագործել են: Ինչպես Անդրիասին եմ ուղղակի այցելել շատ կարճ, դրա մասին չեմ էլ պատրաստվում հիշել: Ինչը որ պետք է անես՝ անում ես, եթե դու չունես այդ խնդիրը, որ ներկայացնես»,-այսօր «Արցախ» ակումբում բացատրեց Թեւան Պողոսյանը:
Ըստ նրա, մինչեւ իրականությունը չբացահայտվի, առաջ քաշված վարկածները շրջանառվելու են. «Պետք է խնդիրը դնել, թե ինչն ենք սխալ արել՝ սկսած նրանից, որ թեկնածուներին միգուցե պետք էր հատուկ պետական պաշտպանություն ապահովել»: Մեր դիտարկմանը, որ թեկնածուները հրաժարվում են այդ ծառայությունից, քանի որ գտնում են, որ նրանք այսպես ասած կենդանի «ժուչոկ» կլինեն իրենց նախըտրական շտաբերում, իրենց կողքին, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էլ է հրաժարվում մինչեւ հիմա՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Պարոն Հովհաննիսյանը չի ցանկանում, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է ձեռնարկի խնդիրներ ցանկացած քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար: Հնարավորություն ունեն զրահաբաճկոններ տրամադրել, կոնկրետ կետերում սարքեր տեղադրել, եթե գիտես, որ այդ մարդը նախագահի թեկնածու է: Միգուցե արժե բնակարանի կողքերը կամ այն վայրերում, որտեղ ինքը լինում է, ինչ-որ սարքեր տեղադրել, որ ինքը միշտ վերահսկողության տակ լինի»:
Մեր հարցին՝ պարոն Հովհաննիսյանը զրահաբաճկոն կհագնի՞, եթե տան՝ պարոն Պողոսյանը հորդորեց դա իրեն հարցնել: Ըստ նրա, դա նույնն է, որ ինչ-որ մեկը չի ցանկանում օրենքներին ենթարկվել: Ուրեմն մենք պետք է ասենք՝ լավ, որ չի ցանկանում՝ ենթարկվե՞նք:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը` PanArmenian Photo–ի