Հայաստանում շաքարավազի արտադրության ծավալների 4% կրճատման պայմաններում շուկայում 99% մասնաբաժին ունեցող «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերությունը (փոխկապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ) հարկերը նվազեցրել է 95%-ով։ Բացի այդ՝ ընկերությունում առնվազն կիսով չափ կրճատվել է աշխատակիցների թիվը։
Գործարար Սամվել Ալեքսանյանը շաքարավազի շուկայում հերթական անգամ հարկերից խուսափելու սխեմա է կիրառել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «Ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների և առևտրային ցանցերի (2012թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ)» ցանկի համաձայն՝ անցած տարի շաքարավազի ապրանքային շուկայում գերիշխող դիրք է զբաղեցրել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարանը) ընկերությունը՝ 99% մասնաբաժնով։ Նույնիսկ այս պայմաններում ընկերությունն անհասկանալի պատճառներով կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարած հարկերի ծավալը։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «2012թ. 1000 խոշոր հարկ վճարողների» ցանկի համաձայն՝ 2011թ. համեմատ անցած տարի ընկերության կողմից վճարված հարկերի ծավալը կրճատվել է 95,4%-ով կամ Դ2,6 մլրդ-ով։ 2012թ. ընկերությունը վճարել է ընդամենը Դ127 մլն-ի հարկեր։
Հարկերի նման կտրուկ նվազումը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած տարի Հայաստանում արտադրվել է 69,3 հազ. տոննա շաքարավազ։ Համեմատության համար՝ 2011թ. Հայաստանում արտադրվել է 72 հազ. տոննա շաքարավազ, իսկ Ախուրյանի շաքարավազի գործարանը վճարել է Դ2,74 մլրդ-ի հարկեր։ Ստացվում է, որ արտադրության ծավալների 4% կրճատման պայմաններում ընկերության վճարած հարկերի ծավալը կրճատվել է 95%-ով։
Սա միակ տարօրինակ խնդիրը չէ գործարանում։
Կարդացեք նաև
ՊԵԿ-ի մեկ այլ տվյալներով՝ «Լուս Աստղ շուգր» գործարանում աշխատակիցների թիվը 100-ից քիչ է եղել (ընկերությունն ընդգրկված չէ «Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած կազմակերպությունների» ցանկում)։ 2011թ. ընկերությունը հայտարարագրել էր 199 աշխատակից։
Գործարանի կողմից հարկերի և աշխատակիցների թվի կրճատումը, ամենայն հավանականությամբ, օրենսդրական «սողանցքի» հետևանք է։ Խնդիրն այն է, որ «Մաքսային օրենսգրքով» 1701 11 (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ծածկագրին դասվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է 0% դրույքաչափով, եթե նշված ծածկագրին դասվող ապրանքները ներմուծվում են շաքարի արտադրության համար: Այդ հումքը ազատված է նաև ԱԱՀ-ից։
Չի բացառվում, որ օգտվելով այս հնարավորությունից՝ Ալեքսանյանը ներկրված շաքարավազը ձևակերպել է որպես հումք, գործարանում պարզապես իրականացվել է փաթեթավորում՝ արտադրանքը ներկայացնելով որպես տեղական արտադրություն։ Պարզ է, որ միայն փաթեթավորման համար մեծ թվով աշխատակիցներ անհրաժեշտ չեն։
Շաքարավազի շուկայում հարկերից խուսափելու նոր սխեմայի կիրառման անհրաժեշտությունն ակտուալ դարձավ 2011թ. առաջին կիսամյակից հետո, երբ 1 տոննայի մաքսատուրքը բարձրացվեց երկու անգամ՝ մինչև $720։ Այս կերպ փորձ էր արվում շաքարավազի շուկան դուրս բերել ստվերից։ Մինչ այդ շաքարավազի մաքսատուրքը շատ ավելի ցածր է եղել, քան ապրանքի գինը համաշխարհային շուկայում, ինչի արդյունքում ավելի քիչ հարկեր են վճարվել։
Հարկերից խուսափելու նման սխեման հազիվ թե դուրս մնացած լիներ իշխանությունների ուշադրությունից։
«Օրակարգ»
Ինչ գրում եք գրեք, բայց մի գրեք Դ100` ի նկատի ունենալով 100դրամ: Հայերեն խոսեք էլի, մարդ եք զզվացնում ձեր օտարամոլությամբ ու օտարի անհեթեթությունները կապկելով: Իբր, որ արտասահմանցի դեբիլները գրում են, ասենք $100, ի նկատի ունենալով 100$ շատ խելոք են հա՞, որ մի հատ էլ դուք կապկում եք: Հանգիստ գրեք 100դրամ ու հավատացեք ձեր գրածն ավելի համուհոտ կունենա…Ու հավատացեք, ձեր նմանների օտարամոլությունից էլ գալիս են մեր ԲՈԼՈՐ անհաջողությունները, դժբախտությունները, մեր թշվառ վիճակը: Կարծում եմ շատ պարզ ասեցի, ինչքան էլ չհավանեք: