ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի դեմ կատարված մահափորձը երկրում մեծ իրարանցում առաջացրեց։ Առաջին իսկ վայրկյաններից սկսեցին շրջանառության մեջ դրվել տարբեր վարկածներ, թե ում եւ ինչի համար էր պետք նման բան կազմակերպելը, որն էր նպատակը։
Հատուկ ուշադրության էր արժանի, թե հասարակության որ շերտերից հատկապես, որ վարկածն էր դուրս գալիս։ Օրինակ՝ մտավորական հատվածն անմիջապես կատարվածում տեսավ արտաքին ուժերի միջամտությունը, ավելի հաճախ հնչեցնելով Ռուսաստանի անունը։
Վերլուծությունների հիմքում հիմնականում այն մոտեցումն էր, որ նման բաներ Հայաստանում ի վիճակի են կազմակերպել կամ իշխանություններն ու նրանց սպասարկուները, կամ այլ երկրներն իրենց գործակալական ցանցերի միջոցով։
Իշխանությունների կողմից կազմակերպված լինելու վարկածը հերքվում էր հիմնականում այն փաստարկով, որ Հայրիկյանը Սերժ Սարգսյանի համար վտանգավոր հակառակորդ չէր, եւ իր համար սահուն վերընտրության բոլոր պայմանները ստեղծած Սարգսյանին նման բիծ ընտրական գործընթացի վրա ընդհանրապես անհրաժեշտ չէր։
Կարդացեք նաև
Արտաքին ուժերի կողմից կազմակերպված լինելու վարկածը հաստատող կամ հերքող փաստեր բերելը շատ ավելի դժվար է, եւ այս ուղղությամբ վերլուծությունները հիմնականում հիմնվում են ենթադրությունների վրա։
Այս ընթացքում հնչել են նաեւ մի քանի աբսուրդ վարկածներ, օրինակ՝ որ այն ուժերը, որոնք թեկնածու չեն առաջադրել այս ընտրություններում, փոշմանել են եւ թեկնածուներից մեկին վերացնելով, նպատակ են ունեցել հասնել նոր ընտրությունների նշանակման, որտեղ կարող էին արդեն առաջադրվել։ Սակայն այս վարկածը ոչ միայն տարածում չի գտել, այլեւ այն առաջ քաշողները չեն հաջողել անգամ փոքր-ինչ լրջություն ու հավաստիություն հաղորդել դրան։
Իսկ ահա հասարակության ավելի ստորին շերտերում հիմնավորված է այն կարծիքը, որ այդ Հայրիկյանն ինքն է իր դեմ մահափորձ կազմակերպել սեփական վարկանիշը բարձրացնելու եւ առաջիկա նախագահական ընտրություններում մեծ տոկոս հավաքելու նպատակով։ Այն, որ մարդկանց գլխում այսպիսի միտք կծագեր, միանգամայն նորմալ է: Սակայն այն ինտենսիվությունը, որով տվյալ վարկածը տարածվում եւ գոնե, ժողովրդի շրջանում հիմնավորվում է, հուշում է, որ դրա շրջանառությունն այնքան էլ «անմեղ» ծագում չի ունեցել։ Հայտնի է, որ հայրենի ԱԱԾ-ն լավագույնս տիրապետում է երթուղային տաքսիներում, խանութներում, վարսավիրանոցներում եւ այլ հասարակական վայրերում «ժողովրդական զրույցները» ուղղորդելու ԿԳԲ-շնիկական հնամաշ հնարքներին։ Եվ անմիջապես դիմում է տվյալ մեթոդին ամեն անգամ, երբ նման անհրաժեշտություն է տեսնում այս կամ այն նկատառումներից ելնելով։
Եվ ահա հետեւելով, թե «ժողովուրդը» ինչպես է ամեն օրվա հետ ավելի ու ավելի համոզված խոսում, թե այս մահափորձը հենց Հայրիկյանի ձեռքի գործն է, համոզվում ես, որ հենց այդ վարկածի շրջանառությունն է ԿԳԲ-ի ձեռքի գործը։
Իսկ ինչու է պետք Ազգային անվտանգության ծառայությանը մարդկանց համոզել, որ Հայրիկյանն է ինքն իր վրա կրակել։ Պատասխանը պարզ է, ցանկացած այլ վարկածի անգամ կիսով չափ հաստատվելը, հղի է անկանխատեսելի, անցանկալի հետեւանքներով։ Օրինակ, արտաքին ուժերից մեկի՝ Արեւմուտքի կամ ՌԴ-ի միջամտության տարբերակը կարող է հանգեցնել հասարակության մեջ հակառուսական կամ հակաարեւմտյան տրամադրությունների էսկալացիայի, սրանից բխող հնարավոր բացասական հետեւանքներով, իշխանությունների վարկածը առավել վտանգավոր է, քանի որ դրա տարածումը կարող է ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլը լինել եւ հասարակական մեծ ընդվզում առաջացնել, այն էլ նախընտրական այս վիճակում։
Իսկ այս ամենաանշառ տարբերակը Հայրիկյանի տարբերակն է. եթե նույնիսկ ժողովուրդը հավատա դրան, ապա իր զավակին՝ Հայրիկյանին մեծահոգաբար կների այդ քայլը եւ ուրիշ ոչինչ։ ԿԳԲ-շնիկների առաջին խնդիրն ահա, ժողովրդական տրամադրությունները վերահսկելն է եղել մահափորձի առաջին իսկ վայրկյաններից, եւ հետո միայն՝ կատարողներին հայտնաբերելը։ Առաջին գործում հայրենի ԱԱԾ-ն միշտ անգերազանցելի է եղել, երկրորդում՝ ապաշնորհ։ Եւ ինչ-որ բան հուշում է, այս մահափորձն էլ բացառություն չի լինի։
Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայկական ժամանակ»