Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյո՞ք օրինական է Կառավարության կողմից մեռելոց համարվող աշխատանքային օրերի տեղափոխումը

Փետրվար 05,2013 10:34

2012թ. դեկտեմբերի 13-ին  Հայաստանի Հանրապետության կառավարությունն (այսուհետ՝ Կառավարություն) իր թիվ 1558-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ, որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի 1-ի (Սուրբ Հարության տոնին հաջորդող), հուլիսի 8-ի (Վարդավառ: Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին հաջորդող), օգոստոսի 19-ի (Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող) և սեպտեմբերի 16-ի (Խաչվերացի տոնին հաջորդող) աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:

Կառավարության նմանօրինակ որոշումների համար հիմք է հանդիսանում Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից հետո ննջեցյալների հիշատակի օր (մեռելոց) նշանակելու ընդունված կարգը:

Ննջեցյալների հիշատակման օրը մեր հանրապետությունում աշխատանքային օր չէ այն տրամաբանությամբ, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա գնալ իր հարազատների շիրիմներին այցելության, հարգելու նրանց հիշատակը՝ աղոթելու և խնկարկելու: Բացի այդ, ննջեցյալների հիշատակի օրը բոլոր եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում հատուկ այդ նպատակով, որի արարողության ժամանակ օծյալ քահանան մեկ առ մեկ կարդալով հիշատակում է բոլոր ննջեցյալների անունները և աղոթում նրանց հոգիների խաղաղության համար, ինչպես որ գրված է պատարագամատույցում:

Սակայն, պետք է նշենք, որ ընդառաջ գնալով եկեղեցական ավանդույթներին, Կառավարության կողմից օրերի տեղափոխման արդյունքում բախվում ենք մի քանի խնդիրների:

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը: Օրենքի սույն դրույթից հասկանալի է, որ ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը կարող է տեղափոխվել միայն շաբաթ օր: Հասկանալի է, որ օրենքը հաշվի է առել այս կանոնը միայն հնգօրյա աշխատանքային շաբաթով աշխատող կազմակերպությունների համար, սակայն անհասկանալի է որքանո՞վ է այն տարածվում վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատող կազմակերպությունների վրա: Օրենսդրի «տեղափոխվել» հասկացությունից ենթադրելի է, որ եթե երկուշաբթի աշխատանքային օրը փոխարինվում է շաբաթ օրով, ապա վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող կազմակերպությունների համար շաբաթ օրն ինքնին աշխատանքային է, հետևաբար մի աշխատանքային օրը մեկ ուրիշ աշխատանքային օրով փոխարինելու անհնարինություն է առաջանում, իսկ մյուս կողմից էլ՝ կորում է նրանց մեկ լրիվ աշխատանքային օրը: Հետևություն. Կառավարության նմանօրինակ որոշումները չեն կարող տարածվել վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող կազմակերպությունների վրա:

Մյուս կողմից մենք բախվում ենք մեկ այլ խնդրի: Կառավարության որոշումը նպատակ է հետապնդում մարդկանց հնարավորություն տալ մեռելոց օրերին այցելել իրենց հարազատների շիրիմներին, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատող անձինք ակամա զրկվում են օրենսդրությամբ իրենց տրված այդ հնարավորությունից, ինչի արդյունքում ոտնահարվում են իրենց իրավունքները:

Բացի այդ, Կառավարության նման որոշումները գործատուներին և աշխատողներին  կարող են կանգնեցնել դիլեմայի առջև: Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների»: Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրվա, եթե այն նաև համընկնում է տոնական և հիշատակի օրերին նախորդող երկուշաբթի օրվան, տեղափոխման դեպքում աշխատողը զրկվում է տոնական օրվա նախօրյակին օրենսդրությամբ իրեն ընձեռված մեկ ժամ կրճատ աշխատելու իրավունքից, և հակառակը, եթե երկուշաբթին տեղափոխվում է տոնական կամ հիշատակի կիրակի օրվան նախորդող շաբաթ օր: Այստեղ ևս խնդիր է առաջանում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի իմաստով՝ աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, եթե այն նախորդում է տոնական կամ հիշատակի օրվան, իսկ տեղափոխման դեպքում այն նախորդում է կիրակի օրվան, ինչը տոնական կամ հիշատակի օր չէ, հետևաբար մեկ ժամ պակաս աշխատելու հարց, թվում է, չի առաջանում: Եվ հակառակը, տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրը շաբաթ օրով տեղափոխելու դեպքում, եթե այդ շաբաթ օրը նախորդում է տոնական կամ հիշատակի օր համարվող կիրակի օրվան, նույն հոդվածի իմաստով, ենթադրելի է, որ պետք է մեկ ժամ պակաս աշխատել, սակայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի իմաստով, մեկ ժամ պակաս աշխատելու հարց չի կարող առաջանալ, քանի որ, ըստ էության, շաբաթ օրը աշխատում են երկուշաբթի օրվա փոխարեն, իսկ տվյալ դեպքում երկուշաբթին չի նախորդում տոնական կամ հիշատակի օրվան: Ուստի հարց է առաջանում. ու՞ր կորավ աշխատողի՝ տոնական օրվա նախօրյակին մեկ ժամ պակաս աշխատելու իրավունքը: Օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

 

Ի դեպ, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի վերջին պարբերությունը վերաբերում է միայն ազգային տաղավար տոներին: Հայ առաքելական եկեղեցին տաղավար տոն է համարում Տերունի հինգ մեծ տոները, որոնք ուղղակի առնչվում են Հիսուս Քրիստոսի կյանքի և գործունեության հետ: Սակայն ո՞րն է համարվում «ազգային տաղավար տոն», եթե այդ մասին որևէ իրավական ակտում նշում չկա, իսկ եկեղեցական տոնացույցում հանդիպում ենք միայն տաղավար տոն հասկացությանը: Հետևաբար անհասկանալի է, թե ինչու՞ ենք մենք՝ հանձինս ՀՀ կառավարության, Հիսուս Քրիստոսի կյանքի և գործունեության հետ կապված Տերունի հինգ մեծ տոները համարում ազգային տոներ:

Չմոռանանք, որ մենք աշխարհիկ պետություն ենք, պետություն, ով չունի երկրում պետական կրոն, ուր եկեղեցին անջատ է պետությունից, ավելին, երկրում երաշխավորվում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը։ Ազգային տոն կարող ենք համարել այն տոները, որոնք էթոնամշակութային հիմքեր են իրենց մեջ պարունակում, իսկ կրոնի տեսանկյունից նշվող տոները չեն կարող ազգային համարվել մի պարզ պատճառով, որ դրանք համընդհանուր են աշխարհի քրիստոնեական համայնքի համար՝ անկախ ազգային պատկանելիության:

Քրիստոնյայի տեսանկյունից ողջունելի է Կառավարության նմանօրինակ նախաձեռնությունները, որով կարծես թե փորձ է արվում պահպանել մեր մշակույթի քրիստոնեական ակունքները և արժեքները, սակայն որքանո՞վ է այն համապատասխանում օրենքի տառին, կասկածի տակ է դրվում:

Կարծում եմ նմանօրինակ տարաբնույթ մեկնաբանություններից և հասարության կողմից քննադարտություններից զերծ մնալու համար, Կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա՝ հիշատակված օրենքներում տեղ գտած բացերը վերացնելու համար:

Սոնա Հարությունյան

Բլոգեր

iravaban.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728