Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-ՀՀԿ-ականներին իր կողմը քաշել (Տեսանյութ)

Փետրվար 05,2013 01:06

IMG_0631Նախագահի թեկնածուի քարոզարշավը՝ Աշտարակում

«Արի հլը տենանք», «Մենք քու հետն ենք», «Իմ ազգանունը քու ազգանունից ա, Հովհաննիսյան, քե՛զ ենք ընտրելու»,- Աշտարակում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այսպիսի բացականչություններով ընդունեցին:

«9 ամիս առաջ այս հրապարակը դատարկ էր»,- աշտարակցիների հետ հանդիպմանը նկատեց պարոն Հովհաննիսյանը,- «Եթե դուք 9 ամիս առաջ քվեարկեցիք «Բարգավաճ Հայաստան», որովհետեւ դուք ուզում էիք տնտեսական զարգացում, քվեարկեցիք Դաշնակցություն, որովհետեւ դուք ուզում էիք ազգային իդեաներ եւ նպատակներ, քվեարկեցիք ՀԱԿ, որովհետեւ ուզում էիք ժողովրդավարական երկիր կամ մեկ ուրիշ բան, կապ չունի: Այս ամեն ինչը մեր պայքարն է: Նույնիսկ շատ նորմալ Հանրապետականներ կան, ովքեր գիտեն, որ արդեն վիճակը տրված է, նժարի վրա է Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, քաղաքացու իրավունքը, ազգային շահը: Բոլորս միասին գիտենք, որ մենք խոնարհել ենք «Ժառանգության» դրոշը: Սա կուսակցական պայքար չէ: Մեր  հայրենիքը մերն է, ոչ մեկի սեփականությունը չէ՝ ոչ Սերժի, ոչ Ռոբերտի, ոչԼեւոնի, ոչ էլ մարզպետի կամ գյուղապետի: Բոլորն էլ իրենց ձայնն ունեն երկրի մեջ: Սա համաքաղաքական թեկնածություն է: Սա Րաֆֆու ու Սերժի պայքարը չէ: Ոչ էլ Ժառանգության եւ Հանրապետականի: Յուրաքանչյուր հայ մարդ իրեն պիտի տեսնի այս պայքարի մեջ, որովհետեւ ողորմության փոխարեն պիտի ունենա աշխատանք, արտագաղթի փոխարեն՝ վերադարձ, բարեգործության փոխարեն՝ գործունեություն»:

Նախագահի թեկնածուն մի քանի խոստում տվեց աշտարակցիներին. «Այնպես պիտի անենք, որ ինվեստիցիաները՝ ներդրումները 600 տոկոսով բարձրանան, ոչ թե 300 տոկոսով իջնեն: 600 հազար հայաստանցի դուրս կբերվի աղքատությունից, եթե դուք ուզենաք: Ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում: Մեր սահմանների վրա ապահովված, հատուցում ստացած փորձառու զինվորը պիտի լինի, ոչ թե մեր 18 տարեկան երեխան, ով ստիպված անգիտակից թնդանոթի թիրախ ենք ուղարկում: Գիտակից պիտի գնան հատուկ հատուցում ստացած փորձառու զինվորները, որ այլեւս այդ անպետք դագաղը չբերեն ընտանիքները: Թույլ չեմ տալու, որ սահմանի վրա՝ թուրք դիպուկահարի դիմաց կամ խաղաղ պայմաններում մեր երեխաները զոհ գնան, մեր մայրերու աչքերի մեջ վիշտ լինի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում էր, որ հնարավոր է եւ հավանական է հաղթանակը: Իսկ ով որ իր պարտականություններից դուրս է գալիս՝ բժիշկ, ոստիկան, ուսուցիչ, գյուղապետ…նախագահի թեկնածուն զգուշացրեց՝ պատասխան են տալու:

«Ժառանգության» առաջնորդը, բացի հավաքից, ունեցավ նաեւ պատահական հանդիպումներ, այցելեց խանութներ, մտավ Հրանտ Բագրատյանի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ:

Աշտարակցիները դժգոհում էին այս իշխանություններից ու վստահեցնում՝ «մեր փրկությունը Րաֆֆի Հովհաննիսյաննն է: Մենք նրա մեջ ենք գտնում իսկական հայ մարդը: Ինչու եմ ես հարգում Րաֆֆի Հովհաննիսյանին՝ առաջին հայ մարդը, որ Թուրքիայում 1992-ին ասեց, որ դուք կատարել եք ցեղասպանություն ու առաջին հայ մարդը, որ մենակ գնաց Բաքու, նրանց երեսին շպրտեց նրանց հանցագործությունները: Ո՞նց կարող է էդ ձեւի մարդը հարգանք չունենա ժողովրդի մեջ»:

Աշտարակցի մի կին էլ՝ Սիրվարդ Քոչարյանը, վստահեցրեց. «Րաֆֆի Հովհաննիսյանին ենք ընտրելու, որ ժողովուրդն աշխատանք ունենա, աղքատության դուռ չընկենն: Ինքն իրա խոսքի տերն է, եթե չլինի, մենք չենք հավատա: Արժանի մարդ է: Ընկեր Րաֆֆի Հովհաննիսյան ջան, ես ընտրելու եմ ձեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728