Լրահոս
Օրվա լրահոսը

Ահմեդ Թյուրք. «Ցանկանում ենք ներողություն խնդրել հայերից»

Փետրվար 04,2013 23:46

«Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում»

Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էդողանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջև բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքն անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած դերին:

Ստամբուլում հրատարակվող թուրքական «Միլլիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Ահմեդ Թյուրքը, ով Իմրալիում ցմահ բանտարկված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ հանդիպելուց հետո ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել որպես խաղաղության բանագնաց, «IMC-TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ «եկել է պահը, որ մենք, բոլորս ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում»:

Ահմեդ Թյուրքը հավելել է նաև, որ «պետք է ընդունենք, որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների և եզդիների արյունով, և մենք պարտականություն ունենք ազնվությամբ և համարձակությամբ ներողություն խնդրել նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքով, այս ներողության ընդունումը մեծ և հեղաշրջող նշանակություն ունի և կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական և մշակութային հաշվարկներում»:

«Հույսով եմ, որ Թուրքիան նույնպես կընդունի այս իրականությունը, որ հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է: Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանական ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ և եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստիև ներողություն խնդրելը չպիտի դժվար և անկարելի լինի», – եզրակացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ  Ահմեդ Թյուրքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728