Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին մենք չպետք է վերաբերենք հումորով»

Փետրվար 04,2013 23:03

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը`  Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և Հայաստանի ռազմական  արդյունաբերության մասին

Օրերս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում շիրակցի ՕԵԿ-ականների մոտ  երկրի նախագահի   քարոզն անելիս,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ նաև   5 տարի առաջ  Սերժ Սարգսյանի հետ միավորվելու ու նրա հետ  քաղաքական կոալիցիա կազմելու ՕԵԿ-ի որոշմանը:

Նա արդարացավ` ներկայացնելով հետևյալ հիմնավորումը. «2008 թվականին ես՝  որպես նախագահի թեկնածու,  մասնակցեցի ու հավաքեցի այնքան  քվեներ, ինչքան Լևոն Տեր-Պետրոսյանը՝  իր 30 կուսակցությունների հետ  միասին: Եվ  երկրում ստեղծված այդ բարդագույն իրավիճակի արդյունքում մենք  կազմեցինք  քաղաքական կոալիցիա, որի արդյունքում վերջին 5 տարիների ընթացքում քիչ լուտանք չթափվեց «Օրինաց երկիր» կուսակցության հասցեին, քննադատեցին այդ որոշումը: Բայց անցած տարվա խորհրդարանական ընտրություները ցույց տվեցին, որ մենք կարողացանք այդ շրջափուլը հաղթահարել: Եվ  5-րդ անգամ ՕԵԿ-ը հայտնվեց ԱԺ-ում: Մենք ձևավորեցինք նոր կոալիցիա, այսինքն շարունակեցինք կոալիցիան, և  մենք այսօր շարունակում ենք  մեր առաքելությունը: Ընդամենը  երեկ Ամերիկայի Միացյալ նահանգներում  Քերին, որը ԱՄՆ-ում նախագահի թեկնածու էր, Օբամայի վերընտրությամբ դարձավ ԱՄՆ-ի պետական քարտուղար : Մեզ մոտ, երբ որ ընտրություններից հետո կազմեցինք կոալիցիա,  մարդիկ սկսեցին  քննադատել, թե Արթուր Բաղդասարյանը  պաշտոնի համար գնաց-միացավ Սերժ Սարգսյանին: Այսօր դահլիճում պետք է բաց խոսեմ, Արթուր Բաղդասարյանը պաշտոն ուներ և բարձր պետական պաշտոն ուներ, ոչ պակաս, քան այսօրվա զբաղեցրած պաշտոնը»:

Սնանկ բամբասանքներ  համարելով  խոսակցությունները` ՕԵԿ առաջնորդն ասաց, որ 2008 թվականին, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով, իր ստեղծած կուսակցությունը  երկիրը զերծ պահեց քաղաքացիական ներքին պատերազմից  ու արտաքին թշնամու ոտնձգություններից: «3 օր է Հայաստանում էր գտնվում Ռուսաստանում բավականին ներկայացուցչական պատվիրակություն՝ ՌԴ Պաշտպանության նախարարը, Հավաքական անվտանգության  պայմանագրի գլխավոր քարտուղարը, շատ լուրջ քննարկումներ   և արդյունքներ ունեցանք: Մեկ անգամ ևս, որ հայացք ենք նետում, ընթերցում ենք մեր պետական գաղտնի փակ փաստաթղթերը, տեսնում ենք, թե ինչ խոհեմ որոշում կայացրեց ՕԵԿ-ը: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին  նաև այսօր մենք չպետք է վերաբերվենք հումորով, այլ պետք է վերաբերվենք ամենայն պատասխանատվությամբ, որովհետև իսկապես էսօր ազգի համար,  պետության համար, ամենակարևոր իրողությունը երկրի խաղաղությունն է, անվտանգությունը, որպեսզի երկիրը զարգանա խաղաղ, մարդիկ ապրեն  ապահով և անվտանգ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա  իր կուսակիցներին բացատրեց, որ  իր  այս քայլով բացառել է   արտաքին ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու մեր երկրում  երաշխավորել որոշ զարգացումներ: Այնուհետ շեշտեց, որ 5 տարի շարունակ Ադրբեջանը անընդհատ հզորացնում է իր ռազմական ենթակառուցվածքները` տարեցտարի 20-30 տոկոսով ավելացնելով ռազմական բյուջեն: «Մեր երկրի համար կայունությունը ու խաղաղությունը չափազանց  կարևոր  պարագա է, և նաև երկրի քաղաքացիական համերաշխությունն ու հանդուրժողականությունը, և դա արեց «Օրինաց երկիրը»: Ես ուզում եմ, որ մենք դրանով իսկապես  հպարտանաք: Տեսեք շատ կուսակցություններ,  իրենց արմատական ընդդիմադիր հռչակած,  նույնիսկ չհամարձակվեցին մասնակցել նախագահական ընտրություններին»:

ԱԱԽ քարտուղարն  անդրադարձավ նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը 68 տարեկան է, ու ակտիվ քաղաքականության մեջ իր դերակատարությունը այլևս  չի տեսնում: «Ես ուզում  եմ ասել, որ մեր հիմնական քաղաքական ղեկավարությունը` սկսած ինձանից, մենք դեռ 68 տարեկան չենք, միջին 40-45-50 տարեկան մարդիկ են, և մենք դեռ ճանապարհ ունենք գնալու և մեր երկիրը առաջ տանելու», -ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա նաև շեշտեց, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մեջ կան դրույթներ նաև ՕԵԿ-ից:  Ի  դեպ, հանդիպման ընթացքում  հարց հնչեց նաև Հայաստանի  ռազմական արդյունաբերության վիճակի մասին, որին ի պատասխան, Արթուր Բաղդասարյանն ասաց. «Մինչ պատասխանին անցնելը,  մի լավ սովետական ֆիլմ կա, ասում է` խմենք մեր ցանկությունների և հնարավորությունների համընկման կենացը: Ես,  որպես քաղաքական գործիչ, գերադասում եմ մարդկանց հետ ազնիվ լինել, ինչքան որ մեր հնարավորությունները այս իշխանության մեջ բավարարում են, այդ հնարավորությունները  ուղղված են նպատակների իրագործմանը»:

Արթուր Բաղդասարյանը, նշելով, որ  լրագրողների ներկայությամբ  չի կարող  ոլորտ առ ոլորտ թվարկել  զենքի ու ռազմամթերքի արտադրության ոլորտները,  վստահեցրեց,որ դրանք  բավական ընդգրկուն են՝ սկսած տանկերից ու դրան ապահովող   համապատասխան պահեստամասերից  մինչև ուղղաթիռներ: «Այդ ձեռնարկությունները աշխատելու են հատուկ պետական պատվերով, սրանով լուծում  է ոչ միայն մեր երկրի անվտանգության բաձրացման ու զինված ուժերի մարտունակության բարձրացման խնդիրը, այլ նաև այդ արտադրությունները լուծում են  սոցիալական խնդիրներ, որովհետև էդ ձեռնարկություններ կվերաբացվեն  կամ որոնցից  մի քանիսը  ավելի կհզորացվեն օրինակ` կապի ոլորտում, հետախուզական համակարգի արդիականացման  ոլորտում: Դրանք ենթադրում են շատ աշխատատեղեր և բարձր աշխատավարձ: Դրանք ես կարող եմ ասել, որ  թվով  10-ն են, ինչ որ մենք պայմանավորվել ենք, և դրանց աշխարհագրությունը  ներառում է Երևան քաղաքը, Կոտայքի մարզը , Լոռու մարզը: Շիրակում դեռևս ռազմական արդյունաբերության հետ կապված գործնական մեկ պայմանավորվածություն կա` ավիացիոն ուղղությամբ, բայց սա սկիզբն է, որովհետև վերականգնել  Հայաստանում ռազմական արդյունաբերությունը,  դա բավականին բարդ գործ է,   բայց դա մի գործ է, որ տալիս է երկրին գումար»:

Նա  նաև ասաց, որ ռազմական արդյունաբերության զարգացումը կլինի   առաջիկա 5 տարիների ընթացքում: Նա նաև տեղեկացրեց, փետրվարի կեսերից հայ-ռուսական խումբ է աշխատելու, որպեսզի  գույքագրի պահպված ռազմական արդյունաբերական ձեռնարկությունները ու տեսնի ինչ ուղղությամբ կարելի է վերագործարկել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728