ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը՝ Քասախում:
– Իսկ ճի՞շտ է, Րաֆֆի Հովհաննիսյա՛ն, որ մի ամսից պիտի եռագույնը փոխվի
– Իսկ դու ուզո՞ւմ ես փոխվի:
– Հա, ես ուզում եմ կարմիր, սպիտակ, հետո խաչ, հետո մի հատ սպիտակ ու նարնջագույն…
Կարդացեք նաև
– Էդպե՞ս եք ուզում, ես դեմ եմ, իհարկե, բայց կգանք այստեղ բանավեճ կանենք, տեսնենք ով ավելի ուժեղ պատճառ կբերի:
– Իհարկե, Դուք:
– Չէէէ, դուք շատ բան պիտի փոխեք: Եթե կուզեք՝ դրոշակ պիտի փոխեք, բայց պիտի ասեք՝ ինչու:
Սա նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Քասախ գյուղի երեխաների հետ զրույցից մի հատված է: Երեխաները փողոցում սկսեցին ուղեկցել Րաֆֆի Հովհաննիսյանին ու միաժամանակ հարցեր տալ՝ «Րաֆֆի Հովհաննիսյա՛ն, գիտեք, մենք կարատեի ենք գնում, ես գծիկ ունեմ…իսկ ես՝ կապույտ գոտի»: Րաֆֆի Հովհաննիսյանի հարցին՝ իսկ ամենավերջինը ո՞րն է, երեխաները տեղեկացրին՝ սեւ գոտի: Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղեց՝ սեւ գոտուց հետո եռագույն գոտին է, ճի՞շտ է: Նա կարատեիստ երեխաներին հորդորեց իր վրա «կարատե ցույց տալ»: Սակայն երեխաներն ամաչեցին:
Երեխաները համոզված էին, որ մեր դրոշը շատ հին է ու պետք է փոխվի: Րաֆֆի Հովհաննիսյանը համոզեց նրանց, որ դրոշը թողնեն, փոխեն Հայաստանը. «Կարող է հին դրոշակը նոր Հայաստանի համար հարմար լինի, չե՞ք կարծում»:
Նախագահի թեկնածուն երեխաներին ասաց, որ հնարավոր է ինքը ծեր է եւ վարժվել է պետական դրոշին, սիրում է այն, բայց եթե նոր սերունդը որոշի… Երեխաները միմյանց հերթ չէին տալիս, ընդհատում էին Րաֆֆի Հովհաննիսյանին ու փորձում պատմել, թե ինչ պատվոգրեր ունեն, հեռուստացույցով ում են երբեւէ ցույց տվել եւ նման բաներ: Վերջում պարոն Հովհաննիսյանը «ժողով» արեց երեխաների հետ ու նրանց ականջին ինչ-որ բան փսփսաց: Թե ինչ՝ մնաց թեկնածուի եւ այդ երեխաների գաղտնիքը:
Երեխաները հեռացան «Ժառանգության» առաջնորդի բուկլետների մի տրցակ ձեռքերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ