ԱԺ պատգամավորը երգեց ՀՀԿ-ական թեկնածուի քարոզարշավում
«Լավ իշխանությունները երկնքից չեն ընկնում. լավն էլ, վատն էլ դուք եք ձեւավորելու: Երկիրը կարող է ազատ լինել, եթե գործատուները կամայականություն չեն դրսևորում, ամբարտավան և սկսնակ գործիչները սին խոստումներ չեն տալիս: Մեր ներկան շատ համոզիչ է: Իհարկե սա նյարդայնացնում է ոմանց, սա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծել ենք, բայց պատասխանատվությունը մեծ է մեզ համար»,- այսօր Արարատի մարզի Արտաշատ մարզկենտրոնում, նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի հետ կատարվածին էլ, Սերժ Սարգսյանն ասաց, որ ոչ մի ժողովուրդ չի կարող շեղել մեր ժողովրդին` ընտրած ճանապարհից կամ կասեցնել նրա ընթացքը: Ասաց, որ մենք կառուցում ենք այնպիսի տուն, ինչպիսին մենք ենք ուզում, եւ ուրիշի ցանկությունները մեզ համար միգուցե ցանկալի են, բայց պարտադիր չեն: Նաեւ հավելեց, որ գալիք ընտրություններում մեզ հարկավոր է համոզիչ հաղթանակ, երբեւէ եղած հաղթանակներից ամենահամոզիչը:
Ասաց, որ մեկ միավորով պակաս ձայները ավելացնելու են բռնությամբ հարցեր լուծող ստահակի ինքնավստահությունը, սին հավակնություններ ունեցողների վայրահաչությունների տոնը: «Հիշեք, որ ձեր քվեն ուժ է, որի կարիքը կա աղքատության, միգրացիայի, կաշառակերության, հովանավորչության, զոռբայության դեմ պայքարում: Ուժ է բոլոր արկածախնդիրների դեմ, ովքեր կարծում են, թե կարող են մեզ վախեցնել: Թույլ չենք տա: Համոզված եղեք: Մեր ոգին ամուր է, մեզնից ոչ մեկը չի լքելու մարտի այս դաշտը: Դա զոռբային լռեցնելու մարտադաշտն է»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով որ ընտրապայքարի ելած մյուս թեկնածուներն իրեն խիստ քննադատում են, սակայն , վստահություն հայտնեց, որ ամենասկզբունքային հարցերում նրանք դաշնակից են:
Կարդացեք նաև
«Քննադատում են, լավ են անում, իհարկե պիտի քննադատեն, որովհետեւ նրանք դրանից կարծես թե հաճույք են ստանում: Բայց ես վստահ եմ, որ հաստատ հնարավոր է հաղթահարել մեր երկրում գոյություն ունեցող բոլոր արատները: Ես վստահ եմ, որ 100 քայլ չէ, այլ 100 անգամ հազար քայլ էլ կանենք, որ չկորցնենք պատմական պահը եւ իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Արտաշատցիներին ներկայացնելով նախընտրական ծրագրի հիմնական դրույթները` Սերժ Սարգսյանն ասաց, որ վերանորոգվելու են բոլոր դպրոցները, մարզերում կառուցվելու են նոր մանկապարտեզներ, յուրաքանչյուր առաջին դասարանցի ստանալու է անվճար համակարգիչ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնվելու են հայալեզու կրթության հնարավորությունները, միջին մասնագիտական կրթությունը լինելու է անվճար և այլն. «Այս ամենը միայն բարի ցանկություններ չեն, այլ կոնկրետ ծրագրեր են, և այս խոսքերի ետևում հստակ են դրանց իրականացման ժամկետները»:
Նախագահին մարզկենտրոնում դիմավորեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ նախագահի եղբայրը`նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետը և այլ պաշտոնյաներ: Քանի որ հանդիպումը բացօթյա էր, մինչեւ Սերժ Սարգսյանի գալը մերօրյա մեծ ու փոքր աստղերը համերգ էին տալիս: ՀՀԿ թեկնածուի քարոզարշավին երգեց նաեւ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: ՀՀԿ-ական թեկնածուին դիմավորեցին «Արարատի մարզը ընտրում է ապահով Հայաստանը», «Արարատը վստահում եւ սատարում է Սերժ Սարգսյանին» եւ համանման այլ պաստառներով: Վազգեն Սարգսյանի ծննդավայրի բնակիչներն էլ պաստառ էին բերել Սերժ Սարգսյանի եւ Վազգեն Սարգսյանի նկարներով ու «Դավալուն ընտրում է Սերժ Սարգսյանին» մակագրությամբ: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ մայրաքաղաքի տարբեր ԲՈՒՀ-երից «բերման ենթարկված» ուսանողներ: Հանրահավաքն ավարտվեց «եռագույն հրավառությամբ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եթե շուշան պետրոսյանն է կանգնած սս-ի թիկունքին, ապա լոխ տեղն ա:
Սերժ Սարգսյանի բախտը բերել ա որ Շուշանը կանգնած ա ոչ թե նստած «թիկունքին»: