Ինչպես տեղեկանում ենք NEWS.am-ից՝ երեկ, փետրվարի 3-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 43-ամյա ոստիկան Կոստյա Բուդաղյանը վթարի է ենթարկվել՝ իր մեքենայով տուն գնալու ճանապարհին մեկ այլ մեքենա հարվածել է նրա մեքենային: Վթարի հետեւանքով Կոստյա Բուդաղյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:NEWS.am–ի տեղեկություններով՝ Կոստյա Բուդաղյանը հունվարի 31-ին մահափորձի ենթարկված եւ ներկայումս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում հետվիրահատական շրջանն անցնող ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկաններից մեկն է: Ոստիկանը կողերի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Վաղը կամ մյուս օրը Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկանին կտեղափոխեն Կրծքային վիրաբուժության բաժանմունք, որտեղ, ի դեպ, այսօր տեղափոխել են հենց Պարույր Հայրիկյանին: