Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Արտակ Շախկուլյանի եւ Արմեն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով այսօր դատական վիճաբանությունների փուլն էր:
Արտակ Շախկուլյանն աշխատել է, որպես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող, իսկ Արմեն Հարությունյանը նշյալ բաժնի պետն էր:
Ըստ մեղադրողի՝ նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնատար դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի եւ 2010թ.հոկտեմբերի 15-ին հարուցված կատարողական վարույթի շրջանակներում իրականացրած կատարողական գործողությունների ժամանակ պարտապան-տուժող Վարդան Հովհաննիսյանից հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բռնագանձում են տարածել տուժողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա, այն դեպքում, երբ ըստ “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի՝ պարտապան- ֆիզիկական անձի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ՝ շարժական գույք, ապա նոր՝ անշարժ գույք:
Վարդան Հովհաննիսյանին ապօրինի կերպով բնակարանից զրկելն անզգուշորեն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Կարդացեք նաև
Մեղադրող Հարություն Հարությունյանը պահանջել է ԴԱՀԿ պետի նկատմամբ ընտրված խափաման միջոցը՝ ստորագրությունը չբացակայելու մասին փոխել, նրան կալանել հենց դատարանի դահլիճից եւ ազատազրկել 2 տարով: Իսկ ենթակային՝ Ա.Շախկուլյանին, ազատազրկել 4 տարով: Ի դեպ, տուժողի պաշտպանական ճառը կիսատ է մնացել եւ կշարունակվի վաղը: