Այսօր քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի այն պնդումը, թե իր մահափորձի հետևում ԿԳԲ նախկին աշխատակիցներ են, ասաց. «Հին Հռոմում Քրիստոսի ծննդից առաջ, 2-3-րդ դարերում ապրում էր մի հայտնի քաղաքական գործիչ` սենատոր Կատոն Ավագը: Հռոմի Սենատում, հենց որ քննարկում էին հարցեր, տարբեր բնույթի` թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական , բոլոր ելույթներից հետո՝ այդ հարցը վերաբերեր արտաքին կամ ներքին քաղաքականությանը կամ ասենք տնտեսությանը, Կատոն Ավագը հայտարարում էր` այս հարցը կարևոր է, բայց Կարթագենը պետք է կործանվի: Հիմա նույն բարդույթավորվածությունը մենք տեսնում ենք Պարույր Հայրիկյանի մոտ:
Մահափորձ է տեղի ունեցել, ես դա մահափորձ չեմ էլ անվանում, կարծում եմ, որ նրա վրա խուլիգանական հարձակում է տեղի ունեցել, էդ ամեն ինչը մի կողմ դնելով` Պարույր Հայրիկյանը իր խելքին, իր ապրածին ոչ բնորոշ մի անհեթեթ պատասխան է տալիս, թե իրեն հետապնդում է նախկին կագեբեն: Սա ոչ միայն վնաս է տալիս իր իմիջին, խելամիտ մարդը երբեք այս հայտարարությունը չէր անի, այլ վնաս է տալիս հայ-ռուսական հարաբերություններին: Մենք տեսանք դրա արձագանքները, որ այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ արեց թե Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում , թե Ռուսաստանի հյուպատոսը Գյումրիում` անվանելով դա անհեթեթություն, ապուշություն և անտրաբանական հայտարարություն:
Ես գտնում եմ, որ Պարույր Հայրիկյանը ավելի զգույշ պետք է լինի իր հայտարարության մեջ: 20 տարուց ավելի արդեն փլուզված Խորհրդային միության պետական անվտանգության ծառայությանը մեղադրելը, անհեթեթություն է: Հիմա էդ ծառայութունը չկա, հիմա դրա հետնորդներ են Ռուսաստանի Դաշնությունը, և էդ նույն իր նշած կագեբեն հիմա այլ կառույց է , որը աշխատում է Ռուսաստանի համար: Եվ հիմա մեղադրանքներ ներկայացնել էդ կառույցին կամ էդ կառույցի նախնիներին, ես գտնում եմ, որ շատ սխալ է» , -ասում է քաղաքագետը:
Ըստ մեր զրուցակցի, անչափ վիրավորական է, որ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսը Պարույր Հայրիկյանին խորհուրդ է տալիս այլ երկրների գաղտնի ծառայությանը մեղադրելու փոխարեն, մեղադրել սեփական կառավարությունն ու ԱԱԾ-ին, որը պարտավոր էր պաշտպանել թեկնածուների անվտանգությունը:
Կարդացեք նաև
Գագիկ Համբարյանի կարծիքով, Պարույր Հայրիկյանին ամենևին սազական չէ այդպիսի մեղադրանքներ հնչեցնելը: «Մենք հասկանում ենք, որ Պարույր Հայրիկյանը ժամանակին բավականին մեծ զրկանքների է ենթարկվել իր քաղաքական հայացքների համար, իր պայքարի համար: Էն ժամանակ եղել է սոցիալիստական Խորհրդային միություն, որը եղել է տոտալիտար պետություն, որտեղ այլախոհությունը հետապնդվել է: Ինքն էլ շատ լավ գիտեր, որ հետապնդվելու էր իր գաղափարների համար , բայց դրանք առաջ տանելու համար զրկանքների է ենթարկվել, նույնիսկ բանտարկվել է, բավական երկար տարիներ անցկացրել է բանտերում, բայց դա չի նշանակում , որ նա Կատոն Ավագի պես, պետք է անընդհատ նույն արտահայտությունն անի` մեղավոր է կագեբեն: Չկա էդպիսի բան: Այդ մակարդակի մարդը պետք է շատ լավ հասկանա, որ նման արտահայտությունը մեծ վնաս կարող է հասցնել հայ-ռուսական հարաբերություններին:
Չնայած նշեմ, որ այս «մահափորձը» Պարույր Հայրիկյանի կարիերայի կամ ընդհանրապես նրա կյանքի կարևորագույն դրվագներից մեկը եղավ, որովհետև նա երազանքի մեջ էլ չէր տեսնի, որ լրատվամիջոցները էսքան ուշադրություն դարձնեին իրեն: Իհարկե , ես ցավում եմ, որ էդպիսի բան է եղել, բայց նա էլ լավ պիտի հասկանա, որ սա ի օգուտ իրեն եղավ, որովհետև նա իր ռեյտինգով, որը 1 տոկոսը չէր անցնում բոլոր հարցախույզերով, հիմա ինքը կարող է այս թոհուբոհի շնորհիվ ավելին ստանա: Թեև իմ կարծիքով ինքը երբևիցե 3-4-դ տեղից բարձր չի լինի», -կանխատեսեց քաղաքագետը:
Մեր այն հարցին էլ, թե 15 կամ 40 օրով ընտրությունների հետաձգումը որքանո՞վ տրամաբանված կլինի. չէ՞ որ Պարույր Հայրիկյանը այս ընթացքում ամենևին էլ չզրկվեց իր քարոզարշավը անցկացնելուց, ի տարբերություն մյուս թեկնածուների, հեռուստաէկրաններում ու կայքերում ամենուր ինքն էր խոսում կամ իր մասին էին խոսում, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Ընդհանրապես ասեմ, որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը շատ լավ է, ինքը երկրորդ օրը խալաթով թե հիվանդասենյակում, թե ընդունարանում հարցազրույց էր տալիս լրագրողներին: Ինքը շատ լավ էր զգում, էնպես որ ինձ թվում է , եթե ինքը ուզում է ավելին ստանալ նախագահական ընտրություններին, քան պետք է ստանա, ապա չպետք է հետաձգի ընտրությունները: Եթե հետաձգվեցին, ուրեմն այս թոհուբոհն էլ կմեղմանա, և ինքն էլ կվերադառնա նախկին վարկանիշին»:
Մեր այն հարցին էլ, թե ինչո՞ւ է քաղաքագետը կարծում, որ Պարույր Հայրկյանի դեմ կատարվածը խուլիգանական հարձակում է, պատասխանեց. «Սա հատուկ քայլ էր, որպեսզի սևացնեն, կեղտոտեն մեր երկրում անցկացվող նախագահական ընտրությունները: Երկրի նախագահը խոստացել էր, որ 20 տարվա ընթացքում կանցկացնի ամենամաքուր, ամենաարդար և ամենազուլալ ընտրությունները: Ամենակարևոր խնդիրը, որ իրենց առջև դրել էին մեր երկրի թշնամիները, գոնե էս ընտրությունները կեղտոտելն էր: Կեղտոտեցին Պարույր Հայրիկյանի արյունով, ինչի՞ համար, որովհետև ինքը ամենահարմար թեկնածուն էր, ազատագրական շարժման մեջ բավականին մեծ ներդրում ունեցող անձնավորություն էր, որպեսզի նրա նկատմամբ խուլիգանական արարքի միջոցով սևացնեին ընտրությունների ընթացքը, և մեկ անգամ ցույց տային, որ Հայաստանում հնարավոր չէ անցկացնել նորմալ, դեմոկրատական արդար ընտրություններ»:
Մեր զրուցակցի կարծիքով, Պարույր Հայրիկյանին սպանելու մտադրություն ունեցողը այդքան դիլետանտ չէր լինի, որ գործեր քաղաքի կենտրոնում, աղմուկ-աղաղակի տակ, և թիրախի հյուսվածքներն ընդհանրապես չվնասեր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ