Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ ներկայումս բազում կարծիքներ են հնչում: Քաղաքական գործիչներից շատերը կատարվածը համարեցին քաղաքական դրդապատճառներ ունեցող հանցագործություն, կան նաեւ տեսակետներ, թե սա PR ակցիա է և այլն:
Aravot.am-ը իրավապաշտպանների հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք այսպիսի ենթադրությունները չե՞ն կաշկանդում նախաքննական մարմնի աշխատանքները, սահմանափակելով հնարավոր վարկածների շրջանակը: «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանն այս կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Տարբերակների մասին կարող է խոսել միայն նախաքննական մարմինը: Մնացած խոսակցությունները կարող են լինել կամ բամբասանքի, կամ ֆանտազիայի ժանրից: Պրոֆեսիոնալ նախաքննություն վարելու դեպքում չեմ կարծում, որ նրանք ինչ-որ բանով կաշկանդվեն: Սակայն դա կարող է էապես ազդել, կաշկանդել նախաքննական մարմնին այն դեպքում, երբ տարբերակներ են առաջարկում նախագահը կամ ԱԺ նախագահը, կամ հզոր այլ պաշտոնյաներ»:
Մեր այն հիշեցմանը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անգամ ակնարկեց, թե Հայրիկյանի մահափորձի հետևում կանգնած է քաղաքական ուժ, Վ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Այս դեպքում առանց տեղյակ լինելու նախաքննության գործընթացին, նա ուղղորդում է նախաքննական մարմնին»:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ նշեց. «Նախաքննությունը չի էլ կարող մարդկանց տեսակետը արտահայտելու իրավունքը սահմանափակել: Ո՞ւմ կարելի է զսպել մտածել այդ մասին, կամ ենթադրություններ անել: Որևէ մեկը չի կարող խոչընդոտել: Հասարակությունը տվյալ պարագայում շահագրգռված է, որ դա բացահայտվի և նրանք իրենց գործընկեր են դիտում նաև նախաքննության մարմնին: Գործին վնասելու մտադրվածություն չկա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ News.am-ից