Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը հրաժարվեց Արման Վեզիրյանին առաջադրված մեղադրանքից

Փետրվար 04,2013 15:50

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազն այսօր հրաժարվել է ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Արման Վեզիրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրած մեղադրանքից։

Դատական նիստում մեղադրող Ա.Աբրահամյանը միջնորդել է դադարեցնել Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատախազը մասնավորապես վերլուծելով 2012 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցները նշել է, որ 2012թ. ապրիլի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում ՀԱԿ դաշինքի կամավոր աջակից Դավիթ Գասպարյանը Երևան քաղաքի Սեդրակ Սարգսյան փողոցում թռուցիկներ է տարածել` տների բաց դռներից ներս գցելով, մի մասը` քաղաքացիներին հանձնելով: Հասնելով Ս.Սարգսյան փողոցի 126/1 տանը, որի դուռը գտնվել է բաց վիճակում ֆայլում դրված բուկլետներ և թռուցիկներ է գցել ներս, որից վախեցել է նշված տան բնակչուհի Լենա Բադալյանը և ձայն տվել այդ պահին տանը շինարարական վերանորոգում կատարող իր հարևան Տ.Մանուկյանին, որն էլ դուրս գալով, նկատել է, որ Դ.Գասպարյանը հեռանում է փողոցից: Ձայն է տվել նրան, դիտողություն արել բնակարանում իրեր գցելու համար, որին, ըստ մեղադրողի, միջամտել է «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը, ով ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների քարոզարշավի ժամանակ հետևել է նախընտրական բուկլետների և թռուցիկների տարածման գործընթացին: «Ա.Վեզիրյանի և Տ.Մանուկյան միջև ծագած վեճի ընթացքում Տ.Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Ա.Վեզիրյանի դեմքին և ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղման ձևով վերջինիս պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, իսկ Ա.Վեզիրյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է Տ.Մանուկյանին և ձախ ճակատային շրջանի քերծվածքների արյունազեղման ձևով վերջինիս պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս»,- նշեց դատախազն ավելացնելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 01.11.2012թ. Արևիկ և Ծովինար Սահակյանների վերաբերյալ նախադեպային որոշմամբ արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ` կապված ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեաիրավական որակման հետ, որոնք էական նշանակություն ունեն սույն գործով ամբաստանյալների կողմից կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:

Այսպես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված որոշմամբ արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն` ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) ակտ: ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմակի (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեկ հարվածը որպես այլ բռնի գործողություններ որակելը ճիշտ չէ, քանի որ օբյեկտիվ կողմի տեսանկյունից հարված հասցնելը և այլ բռնի գործողությունները իրարից տարբերվում են, այդ եզրույթները նույնացնելու, ինչպես լեզվաբացատրական, այնպես էլ քրեաիրավական հիմքեր չկան:

Սույն գործով վկաներ Դավիթ Գասպարյանի, Սեդա Մանուկյանի, ինչպես նաև ամբաստանյալների ցուցմունքների ընդհանրական վերլուծությամբ, ըստ դատախազի, հիմնավորվել է, որ Արման Վեզիրյանի և Տիգրան Մանուկյանի միջև ծագել է վեճ, որի ժամանակ Ա.Վեզիրյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ.Մանուկյանին, իսկ Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Վեզիրյանի դեմքին:

Վերոգրյալի հիման վրա մեղադրողը միջնորդեց դադարեցնել Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728