ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովհաննես Հարությունյանն իր հայտարարության մեջ նշել էր, թե իրավաբանական ծառայությունների մատուցումից բացի, իրականացնում է «Ընտանեկան փաստաբանության ծառայության մատուցում»:
Մեր այն հարցին, թե Հայաստանում կա՞ն «ընտանեկան փաստաբաններ», նա ասաց, թե իր տեղեկություններով ինքն առաջինն է:
Այն հարցին էլ, թե լինելով ընտանեկան փաստաբան, ինչպես պիտի վարվեն, երբ ընտանիքի գաղտնիքն իմանալու պայմաններում «սպասարկվող» ընտանիքի անդամների միջեւ ծագի վեճ, ստեղծվի «անհաղթահարելի խոչընդոտ», պարոն Հարությունյանն ասաց.«Յուրաքանչյուր փաստաբան «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավունք չունի փաստաբանական գործունեություն ծավալելիս իրեն հայտնի դարձած տվյալները հրապարակային դարձնել:Այդ սկզբունքն ինձ համար հոգեհարազատ է: Այդ բոլորով հանդերձ, հնարավոր է վեճ ծավալվի ընտանիքի անդամների միջեւ՝ հոր եւ որդու, մոր եւ եղբայրների, ծնողների, ամուսինների: Բնականորեն, հարց է ծագում. բոլորն էլ իմ վստահորդներն են, ինչ անել:
Աշխատելու եմ օրենքի սահմաններում հաշտեցնել նրանց: Եթե հանկարծ չի ստացվում, ապա ես նրանցից որեւէ մեկին բարոյական, էթիկական տեսակետից առավելություն տալ չեմ կարող:
Մեզանում հիմնականում շատացել են ամուսնական հարցերի հետ կապված վեճերը: Հայ ազգի մեջ կարծրացած մոտեցում է ամուսնական պայմանագիր կնքելը: Ցավոք, ամուսնալուծությունների քանակի կտրուկ աճը եւս այդ ընթացքում պատահական չէ: Պատահական չէ նաեւ, որ դատական կարգով ընտանեկան վեճերի պարզաբանումը տեւում է 1-2 տարի, շատ ժամանակ հարցերը ճիշտ չեն պարզաբանվում, դատական ակտեր են կայացվում:
Ընտանեկան փաստաբանական ծառայության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ քաղաքացիները պարտավոր չեն բավարար մակարդակով տիրապետել քաղաքացիական, վարչական, քրեական օրենսդրությանը, դրանցում հաճախակի կատարվող օրենսդրական փոփոխություններին»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ