Այս օրերին մի շարք վարկածներ են առաջ քաշվում, թե ով կարող էր կազմակերպել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը՝ ինքնակազմակերպումից սկսած մինչեւ դրսի ուժեր: Մենք խնդրեցինք Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին հայտնել, թե ինքը ո՞ր վարկածին է հակված. «Ինքնակազմակերպումը ես ուղղակի անհեթեթ եմ համարում: Տեղի է ունեցել ծանր հանցագործություն: Սա կրակոց էր՝ Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետեւ աննախադեպ է, երբ նախագահի թեկնածուներից մեկի նկատմամբ կատարվում է մահափորձ: Դրա նպատակը ընտրությունների բնականոն ընթացքը տապալելն է: Նման դեպքերը չեն կարող տեղի ունենալ առանց արտաքին եւ ներքին հետքերի:
Իմ գնահատականով՝ նախագահական ընտրությունները ընթանում էին բնականոն հունով, երբ թեկնածուները ըստ էության չէին գործում ընդդեմ սկզբունքով կամ միմյանց ոչնչացնելու սկզբունքով, այլ՝ գործում էին հանուն սկզբունքով՝ ներկայացնելով իրենց ծրագրերը՝ մեր երկրի ապագայի վերաբերյալ: Տվյալ պարագայում այս քայլը ընտրությունների բնականոն ընթացքը տապալելու փորձ էր:
Թե կոնկրետ ինչ արտաքին եւ ներքին ուժերի էր ձեռնտու նման փորձը, ես դժվարանում եմ ասել: Բայց համոզված եմ, որ նման դեպքերը չեն կարող պատահականություն լինել: Սա ձեռնտու էր արտաքին ու ներքին այն ուժերին, որոնք կարող էին շահարկել, որ նախագահական ընտրություններում նման բան է տեղի ունենում»:
Թե ինչո՞ւ հենց Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպվեց՝ Վիկտոր Դալլաքյանն ունի իր բացատրությունը. «Որովհետեւ նա թեկնածուներից ունի շատ օրիգինալ կենսագրություն, ունի շատ հետաքրքիր անցյալ: Կարող եմ ասել, որ աղմուկը կարող էր շատ ավելի մեծ լիներ, եթե Հայրիկյանի հետ շատ ավելի վատ բան տեղի ունենար: Թիրախը պատահական ընտրված չէ: Սա կրակոց էր նաեւ կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ, որովհետեւ միայն խելագարության կանխավարկածով շարժվելու դեպքում, կարելի էր ինչ-ինչ գնահատականներ տալ, որ դա կարող էր ձեռնտու լիներ Սերժ Սարգսյանին: Ինչպես 2008-ի մարտի 1-ը, դա բացարձակապես ձեռնտու չէր նախագահական հավակնություններ ունեցող Սերժ Սարգսյանին, որովհետեւ պատասխանատվությունը վերջին հաշվով գցելու էին Սերժ Սարգսյանի վրա: Ես զուգահեռներ եմ ուզում անցկացնել: Այս կրակոցն էլ բացարձակապես ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին: Իմ գնահատականով՝ վերջին հաշվով կրակել են նաեւ Սերժ Սարգսյանի վրա»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Ձեր կարծիքով՝ ուզեցել են Պարույր Հայրիկյանին սպանել, բայց վրիպե՞լ են, թե՞ փորձել են վախեցնել՝ պարոն Դալլաքյանը պատասխանեց, որ լսելով Պարույր Հայրիկյանի պատմածը, կարծում է, որ փորձել են սպանել. «Կիլլերը նպատակ է ունեցել սպանելու Պարույր Հայրիկյանին, որովհետեւ կա երկրորդ «կոնտրոլ» կրակոցը, որը վրիպել է, կիլլերի հետ կարող էր նման բան լինել: Տվյալ պարագայում ես կասեի՝ բարեբախտաբար վրիպելը: Հայրիկյանը շարժումներ է արել, վրիպել է, որովհետեւ շատ մոտիկից հնարավոր չի վրիպել, այստեղ երեւի Աստված է բռնել կիլլերի ձեռքը ու փրկել Հայրիկյանին»:
Հրանտ Բագրատյանը պահանջում է հարգել Սահմանադրությունը եւ երկու շաբաթով հետաձգել ընտրությունները: Վիկտոր Դալլաքյանը վստահեցրեց, որ ինքը Ընտրական օրենսգրքի հեղինակ լինելով, գիտի, որ թեկնածուների հավասարության սկզբունք կա, իսկ Սահմանադրությունը ամրագրել է, թե թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտ առաջանալու դեպքում ինչ ընթացակարգ է գործում. «Այնտեղ գրված է՝ թեկնածուի դիմումի հիման վրա: Եթե Պարույր Հայրիկյանը դիմի ՍԴ, Սահմանադրական դատարանը կորոշի հետաձգել: Հակառակ դեպքում, ոչ ոք, բացի Հայրիկյանից, չի կարող դա անել: Պետք է լինի նրա դիմումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ