Հունվարի 29-ին հանրապետության ստոմատոլոգները նամակով դիմել են Ազգային ժողով: Այսօր մի խումբ ստոմատոլոգներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի դիմաց` պահանջելով պատասխանել իրենց դժգոհություններին: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում «մարսել» «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն, մի քանի անգամ ավելանում է ստոմատոլոգների հարկային բեռը:
«Մեր պահանջն է վերադառնալ դեպի առողջապահություն, երբ հիվանդանոցների մահճակալները կհարկվեն հաստատագրված հարկով, մեր բազկաթոռներն էլ թող հարկվեն: Մենք պատրաստ ենք հարկ վճարելու, թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե մենք չենք ուզում հարկ վճարել, անգամ, եթե արտոնագրայինով էլ լինի, բայց կան ավելի խելամիտ տարբերակներ: Հայաստանում բոլորս էլ գիտենք, որ ստոմատոլոգները շատ ավելի շատ են, քան բազկաթոռները, ինչո՞ւ են անշունչ բազկաթոռին հարկում: Եթե ես չկանգնեմ բազկաթոռի մոտ, բազկաթոռը, հաստատ, եկամուտ չի բերի պետբյուջե»,- Aravot. am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի «Վագդենտ ստոմ» կլինիկայի ղեկավար Գրիգոր Ավագյանը:
Ստոմատոլոգների խոսքերով, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «ժողովրդի մեջ թյուր կարծիք է տարածում, թե մարզերում 1 բազկաթոռի համար ընդամենը 1500 դրամ գումար են ուզում, ինչը այդքան էլ մեծ գումար չէ»: Բայց Գրիգոր Ավագյանը մի պարզ հաշվարկ է կատարել եւ պարզել, որ ամիսը պետք է 38 օրից բաղկացած լինի, որպեսզի Այվազյանի ներկայացրած թվերը ճիշտ դուրս գան.
«Մարզում մեկ բազկաթոռի համար 57 հազար դրամ հարկ է սահմանվել, այդ թիվը բաժանենք 1500 դրամի, ստացվում է` 38, այսինքն` 38 օր պետք է ամիսը լինի, որ ստացվի օրական 1500 դրամ: Ես դեռ մանկապարտեզից գիտեմ, որ ամիսը ամենաշատը 31 օր կարող է ունենալ, ընդ որում ամիս կա, որ աշխատանքային օրերը, օրինակ` փետրվար ամսվա համար այդ աշխատանքային օրերը կազմում է 20 օր: Մենք, օրինակ` ունենք 3 ստոմատոլոգիական բազկաթոռ, մեկ ռենգեն կաբինետ եւ 3 ատամնատեխնիկ, մեր մեկ ամսվա գումարը կազմում է 376 հազար դրամ, եթե բաժանեմ 20 աշխատանքային օրվա, ստացվում է 18 հազար 800 դրամ՝ մեկ օրը: Դա միայն հաստատագրված գումար, բայց մենք վճարելու ենք նաեւ եկամտային հարկ, աշխատավարձ, կոմունալ ծախսեր, նյութածախս պիտի ապահովենք, եւ դրանից հետո մենք միայն հաց ուտելու համար չենք աշխատում: Մենք մեր վերապատրաստման համար մեծ գումարներ ենք ծախսում, մենք նյութեր եւ գործիքներ ենք ձեռք բերում, որ կարողանանք տվյալ մեթոդը կիրառենք, ին՞չ 1500 դրամի մասին է խոսքը, ճիշտը ասեք ժողովրդին»:
Ակցիայի մասնակիցների համոզմամբ, հարկային բեռի ավելացումն ավելի շատ է բերելու ստվերի ավելացմանը. «Գնալու են նկուղներում, բնակարաններում ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում աշխատեն` որակի հաշվին»:
Կարդացեք նաև
Aravot. am-ի հարցին, թե հանրապետության գլխավոր ստոմատոլոգը, Հայաստանի ստոմատոլոգների միության նախագահը, ստոմատոլոգների անունից վստահեցնում էին, որ փողոց դուրս գալու մտադրություն չունեն, քանի որ ստոմատոլոգները չեն ուզում հարցը քաղաքականացնել, ի՞նչ է փոխվել, որ փողոց են դուրս եկել, ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Գլխավոր ստոմատոլոգը, ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը ավելի շուտ ասում էին, որ լռենք, մեզ կոպիտ ասած, հավաքեցին Ամերիկյան համալսարանում ու ասացին, որ պետք է գան մեզ հետ հարցուպատասխանի, որպեսզի լսեն ու հասկանան, սակայն այդ ամենը տեղի չունեցավ, եկան ասոցիացայի նախագահը, գլխավոր ստոմատոլոգը, որ մեզ լռեցնեն»:
Ստոմատոլոգները վստահեցրին, որ արդեն Առողջապահության նախարարության եւ հարկայինի աշխատակիցները «ռեպրեսիաներ են» սկսել կլինիկաների նկատմամբ.
«Մտնում են դարակները բացում, ստուգում՝ թերապեւտիկ կաբինետում ինչ կա չկա. լուսանկարում` ընդ որում առանց հանձնարարագրերի»:
Ստոմատոլոգները նաեւ տեղյակ չէին Առողջապահության նախարարի` ֆիննախին արած առաջարկից, ըստ որի, նախարար Դերենիկ Դումանյանը գտնում էր, որ ստոմատոլոգների մասով օրենքը որոշ առումով պիտի վերանայվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ