Լրահոս
Օրվա լրահոսը

Խառատյան. Հայրիկյանի դեմ մահափորձի պատվիրատուն գուցե չբացահայտվի (Տեսանյութ)

Փետրվար 04,2013 15:50

«Սկզբունքորեն տեղյակ չեմ եւ վարկած չունեմ, թե Հայրիկյանի վրա կրակելն ում շահերին կարող է ծառայել: Հակված եմ մտածել, որ նախագահի թեկնածուի վրա մահափորձ կատարելն այն բանի հետեւանք է, որ անկախ Հայաստանի 20-ամյա պատմությունը հարուստ է բռնություններով: Մենք կարծես վարժվել ենք, որ կարող են սպանվել նախկին քաղաքապետեր, վարչապետ, փոխնախարար եւ այլն»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա կարծիքով` Հայրիկյանի դեմ մահափորձն ավելի շատ արձագանք ստացավ այն հարցով, թե ինչո՞ւ հենց Պարույր Հայրիկյանը, որովհետեւ նա ընկալվում է ոչ միայն որպես անկախության սիմվոլ, այլեւ խաղաղ, ազնիվ մարդ:

Խառատյանի դիտարկմամբ` Հայրիկյանի դեպքում էլ կատարողները եւ պատվիրատուները չեն բացահայտվի. «Երբեմն մտածում ես, որ դա ոչ թե իրավապահների թերացման, այլ նրանց հանդեպ որոշակի թելադրանքի խնդիր է»:

Ազգագրագետը հակված չէ մտածել, թե մահափորձը կարող է վճռական ազդեցություն ունենալ ընտրությունների ընթացքի վրա. «Եթե ընտրությունները հետաձգվեին եւ այդ ընթացքում պարզ լիներ պատվիրատուն, գուցե հետագայում լինեին փոփոխություններ»:

Խառատյանի համոզմամբ` նման դեպքերը հասարակության շրջանում ավելացնում են վախի ու տագնապի մթնոլորտը. «Ցավոք, դա ամրագրվում է ոչ միայն քաղաքական ուժերի կիրառած երեւույթներում, այլեւ Հայաստանի քաղաքական էլիտայի վարքում: «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանին սպանեցին շուրջ 200 հոգու առաջ. վերջիններս վախեցան, որովհետեւ սպանողը, կարելի է ասել, նախագահի թիկնապահն էր: Այսինքն` մենք վախենում ենք քաղաքական հզորներից»:

Հրանուշ Խառատյանն արձանագրեց, որ սպանությունը դարձել է մեր հասարակական-քաղաքական կյանքի մի մասնիկը. «Խնդիրն այն է, որ քաղաքական սպանությունների մեծամասնությունը չի ստացել իրավական համապատասխան լուծումներ: Այդպես էլ հայտնի չի դարձել, թե ովքեր են կատարողները եւ պատվիրատուները, եւ հասարակությունը սկսել է փնտրտուքների մեջ ընկնել: Արդյունքում՝ մենք վստահություն չունենք քաղաքական ռեսուրսի եւ իշխանության հանդեպ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728