«Տղեք, ձեր ճաշակով ա, ոնց ա դրոշների դասավորությունը, առատությունը լավ ա», -Մասիսում, դիմելով ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցներին, ասաց ՀՀԿ մարզային կառույցի ներկայացուցիչներից մեկը, ով պատասխանատու էր կազմակերպչական մասի համար:
Իսկ դահլիճում ՀՀ Հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը պատասխանում էր հավաքվածների հարցերին: Արդյոք առաջիկա հինգ տարիներին սպասելի՞ է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը և Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ Սերժ Սարգսյանին հարց ուղղեց Մասիսի բնակիչներից մեկը: «Եթե ես այդ հարցերի պատասխաններն իմանայի, այն էլ ճիշտ ժամկետներով, ապա աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեի: Դժվար է ասել, որ առաջիկա հինգ տարիներին աշխարհի պետությունների մի մասը կճանաչի , բայց չեմ բացառում, որ կլինեն պետություններ, առանձին նահանգներ և այլն, որ կանեն դա»,- արձագանքեց նախագահի թեկնածուն:
Բայց կարևորը, ըստ Սերժ Սարգսյանի, այն է, որ կարողանանք այնպես անել, որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը. «Ինձ համար դա է կարևոր և մեր նպատակը միայն ու միայն կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք` բարձրացնենք ԶՈՒ մարտունակությունը, մեր դիվանագիտական կորպուսի արդյունավետությունը և կարողանանք նաև երկրի ներսում միակարծիք լինենք այս հարցի շուրջ»:
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Սերժ Սարգսյանը նախ նշեց, որ չի ցանկանում, որպեսզի հույսներս կապենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ. «Իհարկե, տարելիցը հանգրվան է և շատ կարևոր հանգրվան: Այնքան կարևոր, որ թուրքերն իրենք ասում են, որ սպասում են հայկական ցունամիին: Բայց սա չի նշանակում, որ 100-րդ տարելիցին թուրքերը չճանաչեն, մենք չպետք է թևաթափ լինենք: Եթե չանեն` մենք պետք է շարունակենք մեր պայքարը, ընդ որում՝ 100-րդից հետո չթուլացնենք այն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ