«Էդ օրենքը որտեղի՞ց ի հայտ եկավ, ո՞վ մշակեց էդ օրենքը, ո՞ւմ հարցրեցին, խի՞ անցկացրեցին»,- այս հարցադրումներով այսօր Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի մոտ ատամնաբույժները կրկին ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով վերանայել օրենքը, որի համաձայն՝ ամեն աթոռի համար ամսական պիտի վճարեն 80 հազար դրամ:
«Մեր խեղճուկրակ ստոմատոլոգներին բժշկությունից հանեցին, մտցրեցին սֆեր ուսլուգ, էդ էլ չիմացանք ինչի՞: Ես հասկանում եմ՝ մեր անունը շատ է դուրս եկած, որ ստոմատոլոգները լավ փող են աշխատում, բայց մեկն իրականում նստել, հաշվե՞լ է: Ինչի՞ են սաղին նույն թվերի տակ դնում, ինչի՞ են հարկը ամսվա սկզբից վերցնում: Ո՞վ է տեսել սենց բան, որ գործարքը չարած՝ հարկվի գործարքը: Հո ստաբիլ չի՞ մեր եկամուտը: Մի ամիս գործ կա, մի ամիս չկա: Չենք խոսում ռայոնների մասին, որտեղ 90%-ը աշխատում են նիսյայով՝ կովը մորթենք-բերենք ծախենք՝ կտանք: Մարդիկ առողջական խնդիր ունեն, ընդառաջ ենք գնում: Կինը գալիս է ատամները սարքում, որ մարդը խոպանից գա՝ փողը տա: Մեկը գալիս է, ասում է՝ ատամս քաշի, որովհետեւ դա էժան է: Մեր խղճի վրա է դա, մենք բուժում ենք՝ հարմարվելով»,- Aravot.am-ի հետ զրույցում բողոքում էին ստոմատոլոգները:
Նրանցից մեկի խոսքերով՝ «ներկայումս մեր երկրում կա ամենաէկոնոմ կլասից սկսած, մինչեւ թոփ լայն ատամնաբուժարաններ: Էս օրենքով ստացվում է, որ իրենք էկոնոմ կլասը ընդհանրապես վերացնում են եւ ժողովրդի մի մեծ օղակ զրկվում է ատամնաբուժական ծառայությունից: Կլինի դե ֆակտո այնպես, ինչպես 90-ականներին՝ ատամնաբույժների մեծ մասը կանցնի ընդհատակ»:
Բողոքի ակցիայի մասնակից ատամնաբույժներից մեկն էլ ասաց, որ իրենք ստիպված կլինեն էժան դեղերով բուժել, մարդիկ կստանան ոչ որակյալ բուժում: Մեր հարցին, թե, ըստ ձեզ, սա ինչի՞ համար է արվել՝ բյուջե՞ն լցնելու համար, թե՞ որոշ մարդկանց գրպանները հարստացնելու, մենաշնորհներ ստեղծելու համար՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ում գրպանն է մտնելու, բայց կարող եմ հաստատ ասել, որ երիտասարդ, լավ մասնագետների մեծ մասը կգնա այս երկրից: Ատամնաբույժների գործը, որքան էլ տարօրինակ է, բայց սեզոնային է: Նոր տարուց հետո գործ չի լինում, ինչի՞ պիտի ես ամսվա սկզբից վճարեմ, եթե եկամուտ չեմ ունենում»:
Կարդացեք նաև
Ատամնաբույժներից մեկին մենք խնդրեցինք՝ ձեր օրինակով չե՞ք ասի՝ որքա՞ն եկամուտ էիք միջինն ունենում ամսական: Նա պատասխանեց. «Նայած ամիս, հստակ չեմ կարող ասել: Միջինը 200 հազար դրամ է, բայց, համենայնդեպս, եթե այն եկամուտները ունենային, ինչ խոսում են իշխանությունները, բոլոր ստոմատոլոգները հիմա «Պորշ Կայեններով» ման կգային: Բժիշկները արենդա են վճարում ամեն ամիս՝ սարսափելի մեծ գներ: Վարձավճարն արդեն 50 տոկոսով ավելացել է: Բժիշկը չգիտի՝ նյութերի՞ն տա փողը, վարձավճարի՞ն, թե՞ պետությանը: Մեր բնակչությունը վճարունակ չի, որ գները բարձրացնենք: Առանց այդ էլ ատամնաքարերի հեռացումն ասում ենք 10.000 դրամ, նեղվում են: ՌԴ-ում 150 հազար է դա: Մենք էլ ենք ուզում գնահատվել, նույն աշխատանքն ենք անում: Պահանջում ենք վերանայել օրենքը: Հարգե՛ն մեզ: Իրանք իրանց մի հատ հարց տան՝ ընդհանրապես տեղյա՞կ են ստոմատոլոգները էսօր ի՞նչ սկզբունքով են աշխատում: Էդ որ սոցվճարներ ենք վճարում, մեզ աշխատավարձ տալի՞ս են, որ ֆիկտիվնի գրանցում են 60 հազար, 100 հազար: Մենք մեր գրպանից ենք դնում այդ սոցվճարը: Վարձավճար տա՜նք, սոցվճար տա՜նք, լույսի, ջրի փող տա՜նք, նյութերի փող տա՜նք: Երազում ենք լավ նյութերով աշխատենք, որ հիվանդը գոհ լինի, մենք մեր արած աշխատանքից հաճույք ստանանք»:
Նշենք, որ օրենքը վերանայվելու է: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն աշխատել է նախագծի հետ եւ սպասում են կառավարության որոշմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ