«Ինձ համար ներքաղաքական լարվածության առաջացման մեջ շատ մութ պահեր կան՝ սկսած զենքի տեսակի ընտրությունից, կատարման ձևից, վերջացրած՝ հնարավորությանը՝ արտաքին ուժերի միջամտության: Ինձ համար հավանական չի թվում, որ այստեղ ռուսական կագեբեական հետք կա, եթե այդպես է, ուրեմն պետք է ընդունենք, որ իրենց ծառայության որակն այնքան է ընկել, որ նրանք չեն կարողանում մի փոքր գործողություն իրականացնել»,- այսօր, այս մասին, «Ելակետ» մամուլի ակումբում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:
Քաղաքագետն ընդգծում է, որ այս դեպքի վերաբերյալ ռուսական կողմն ավելի բարձր աստիճանով արձագանք չի տվել` համարելով, որ հյուպատոսը ոչ քաղաքական պաշտոն է . «Սա ինքնին նշանակում է, որ ռուսները մեծ կարևորություն չեն տալիս այդ հայտարարությանը. ի վերջո Հայրիկյանը նոր չէ, որ նման հայտարարություններ է անում: Ես չեմ կարծում, որ սա անդրադարձ կունենա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վրա»:
Արա Պապյանն ունենալով ռազմական փորձառություն, Աֆղանստանում լինելով զինվորական խորհրդական, տեսնելով թե ինչ մակարդակով են իրագործվում նմանատիպ ծրագրերը, գտնում է, որ կատարվածը ներսից է և չպետք է փնտրել դրսում. «Եթե մեր ոստիկանությունը հայտարարում է, որ «նագանից» է կրակվել, ապա ասեմ, որ «նագան»-ի ամենավերջին արտադրանքը եղել է 1952 թվականին: Հիմա լուրջ կազմակերպությունը մահափորձ կկազմակերպի՞ 60 տարվա զենքով, որի փամփուշտները արտադրվել են 30 տարի առաջ: Ցանկացած փամփուշտ, եթե դու պահում ես 30 տարի, դու վստահություն չունես կկրակի այն, թե` ոչ: Հետևաբար՝ հանցագործին ներսում պետք է փնտրել»,-ընդգծում է Արա Պապյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ