Հասարակության եւ բնության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի նախագահ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի համոզմամբ` իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե իբրեւ գիտնականները բարձր աշխատավարձ են ստանում:
«Իմ աշխատավարձը 80 հազար դրամ է, բայց ես նաեւ աշխատում եմ ճապոնացի գիտնականների հետ եւ այնտեղից էլ եմ ֆինանսավորվում: Արձակուրդ էլ չենք գնում, աշխատում ենք զուտ մեր հետաքրքրության համար: Սարքավորումների մասին էլ մի ասեք: Գործիքները շարքից դուրս են եկել, որովհետեւ դրանց հիմնական մասը դեռ խորհրդային տարիներից է մնացել»,- այսօր «Ազդակ» ակումբում, անդրադառնալով գիտական ոլորտի խնդիրներին, ասաց ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը:
Մյուս բանախոսի` Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանի կարծիքով` մանկաբարձության ոլորտում ժամանակակից սարքավորումների պակաս եւս կա, ինչը չի կարելի ասել մասնագետների մասին:
Aravot.am-ի այն նկատառմանը, թե վերջերս ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ մարզերից հղի կանայք գալիս են Երեւան, մայրաքաղաքում ծննդաբերելու նպատակով ու բողոքում են մարզերի մանկաբարձների կրթվածության մակարդակից ու մասնագիտական կարողությունների պակասից, դոկտոր-պրոֆեսոր Գ. Բեգլարյանը պատասխանեց.
Կարդացեք նաև
«Ներկայում շատ մարզերում չկան սարքավորումների հետ կապված խնդիրներ, Առողջապահության նախարարությունը այս հարցում մեզ շատ է օգնել: Մարզերում մանկաբարձների պատրաստվածության խնդիր, անշուշտ, կա, բայց նրանք վերապատրաստվում են»:
Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի տնօրենի խոսքով` ձեռքբերում կարելի է համարել այն հանգամանքը, որ Հայաստանում սեռավարակները արդեն բուժվում են այն դեղորայքների միջոցով, որոնք նաեւ լայն կիրառում ունեն Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:
Անդրադառնալով կանանց կրծքագեղձի քաղցկեղի լայն տարածում գտած դեպքերին` ակադեմիկոսները կանանց խորհուրդ տվեցին չվախենալ մամոգրաֆիկ ստուգումներից ու վեց ամիսը մեկ անգամ գնալ բժշկի:
Ըստ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի` քաղցկեղը 80%-ով հնարավոր է ամբողջովին բուժել, եթե այն հայտնաբերվում է հիվանդության զարգացման վաղ շրջանում:
Աշոտ ԱԹԱՅԱՆ