Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը վատառողջ է, բայց շարունակում է քարոզարշավը

Փետրվար 04,2013 14:37

«Խոստովանեմ՝ հաճելի է տեսնել, թե ինչպես է մեր գործընկերը՝  Պարույր Հայրիկյանը արագ ապաքինվում, չնայած այն զազրելի հանցանքին, որը, իմ համոզմամբ՝ ուղղված էր ոչ միայն Հայրիկյանի դեմ,  այլ մեր պետականության դեմ, մեզնից յուրաքանչյուրի դեմ»,- Մասիսի մշակույթի տանը այսպես սկսեց իր խոսքը ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ պետք է շարունակել անխափան, հստակ աշխատանքը, որովհետեւ այդ հանցագործության նպատակը հենց դա էր՝ «խափանել մեր բնականոն աշխատանքը»:

Նախագահն ասաց, որ ստեղծված իրավիճակում գործելու է բացառապես ՀՀ Սահմանադրությունը եւ ինքը իբրեւ Սահմանադրության երաշխավոր, խոստացավ, որ յուրաքանչյուր գործողություն համապատասխանելու է երկրի հիմնական օրենքի տառին ու ոգուն:

Սերժ Սարգսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը փորձություն էր ու այդ փորձությունից Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է դուրս գան առավել միասնական: Մասիսցիների հետ նաեւ նախագահն անկեղծացավ. «Պարտավոր ենք լավ ընտրություն անցկացնել: Դա օդ ու ջրի պես մեզ անհրաժեշտ է, որպեսզի ունենանք ամուր իշխանություն՝ ընտրված նախագահ, որի ընտրությունը կասկած չի հարուցում»:

Բացի այդ, Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ յուրաքանչյուր քվե էլ ավելի է ամրացնում Հանրապետականի դիրքերը, իսկ յուրաքանչյուր պակաս տրված քվե, բնականաբար, թուլացնում է այն:

Ի դեպ, նախագահը դեռ վատառողջ է, չնայած դրան, քարոզարշավը շարունակում է:

Իսկ Արարատի մարզը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին դիմավորեց «Արարատի մարզը ողջունում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին» պաստառով: Մասիսի երաժշտական դպրոցում  նախագահի հետ հանդիպման համար հավաքվել էին տեղական ինտելիգենցիայի ներկայացուցիչները: Aravot.am-ի հետ զրույցում գյուղապետերից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, այսպես խոսեց. «Եկել ենք մեր թագավորին տենանք: Ես ոչ անուն ունեմ, ոչ ազգանուն, էդ իմ գործն ա, էկել եմ թագավորին տենալու»: Կազմակերպիչներից մեկի հետ փորձում էինք ճշտել, թե ինչ սկզբունքով են հրավիրվել հանդիպման մասնակիցները: Վերջինս երկար մտածելուց հետո ասաց. «Սաղ քաղաքն էլ ուզում էր գար, ով շուտ ա էկել՝ էն էլ մտել ա ու նստել»: Ի դեպ, դահլիճում ներկաների հագուկապից ակնհայտ էր, որ այդտեղ պատահական մարդիկ չկան: Իսկ նրանք, ովքեր իսկապես ինքնաբուխ եկել էին նախագահին տեսնելու, նրա հետ զրուցելու, այդպես էլ մնացին դահլիճի պատերից այն կողմ եւ հնարավորություն չստացան նախագահի հետ շփվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Ես մտածում եմ, երբ ի վերջո կփոխվի հայ ազգի մտածելակերպը. Հարգելիներս. Սերժ Սարգսյանը ոչ թե թագավոր է ու մենք պետք է ծառայենք նրան, այլ ժամանակն է ընտրել մեր երկրի իսկական նախագահին, ով ինքը կծառայի ժողովրդին.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728