Քաղաքագետի համառոտ անդրադարձը տարածաշրջանային խնդիրներին: Արամ Պապյանի դիրքորոշումը Ստեփանակերտի օդանավակայանի գոծունեության և ադրբեջանական իշխանությունների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ:
«Տարածաշրջանում լարվածությունը շատանում է: Տարածաշրջանն այն միջավայրն է, որի մեջ Հայաստանը գործում է, որտեղ նման իրավիճակը ամենևին ձեռնտու չէ մեզ: Առաջինը, որ պետք է նկատենք, Թուրքիայում հակահայկական միտումները շատացել են: Ես կարծում եմ, որ մինչև 2015 թվականը թուրքական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունները լինելու են, որը կապված է 100-ամյա Հայոց ցեղասպանությամբ: Նրանք վախենում են, որ հայերը լուրջ պահանջներ կներկայացնեն, որով էլ պայմանավորված է նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ: Հետևաբար որևէ բարելավում հայ-թուրքական հարաբերություններում ես չեմ կանխատեսում»,-այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:
Բանախոսն անդրադառնալով Իրանի ներքաղաքական իրավիճակին, որտեղ շուտով կլինեն նախագահական ընտրություններ` հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանական ընտրությունները ուղեկցվեցին քաղաքացիական անհնազանդությամբ և որոշակի բախումներով, ապա Պապյանը կանխատեսում է, որ այս անգամ էլ նման բան կլինի, բայց ավելի փոքր չափով, քանի որ իսրայելաամերիկյան ռազմական միջամտությունը գնալով փոքրանում է, որը շատ ավելի լավ է: «Տարածաշրջանային առումով, պետք է հաշվի առնել, որ այնտեղ ևս տեղի կունենա լարվածության բարձրացում»:
Անդրադառնալով այս անգամ Վրաստանի ներքաղաքական իրավիճակին` նա գտնում է, որ նոր ընտրությունները Վրաստանում բերել են կրկին անկայուն վիճակի և կանխատեսելի չէ, թե ինչպիսի զարգացում կունենա: «Մեր շրջապատում լարվածությունը իսկապես թեժանում է: Չնայած այս ամենին, մեզ համար ամենամեծ ու կարևոր խնդիրն այսօր կապված է Ադրբեջանի հետ»,-ասում է քաղաքագետը:
Կարդացեք նաև
Բանախոսն անդրադառնալով Արցախի օդանավակայանից քաղաքացիական չվերթներին հարվածելու ադրբեջանական հայտարարություններին, գտնում է, որ եթե Ադրբեջանը նման ոտնձգություն անի, ապա այն կլինի խոշոր չափերի հասնող արյունալի պատերազմ, և Ադրբեջանի համար կունենա խիստ անկանխատեսելի հետևանք. «Եթե նրանք սկսեն հարվածել քաղաքացիական ինքնաթիռների, ապա մենք պետք է համարժեք պատասխան տանք և չպետք է բավարարվենք միայն բանավոր խոսքով: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է հարվածել քաղաքացիական ինքնաթիռների»,-ասաց Պապյանը:
Մեր այն հարցին, թե այս դեպքում ի՞նչ դիրքորոշում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, պրն Պապյանը պատասխանեց. «Մինսկի խումբը կոչերից այն կող ոչինչ չի անում և ցավոք , այս հարցը լուծում չի ստանում»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ