Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը աճել է, 2011 թվականին այն եղել է 3 միլիարդ 568 միլիոն դոլար, իսկ 2012-ին` 3 միլիարդ 737 միլիոն:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարարի տեղակալ եւ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նրա ներկայացմամբ` 2012-ի ներքին պարտքը կազմել է 631 միլիոն դոլար, ինչը 2011-ի համեմատ նույնպես աճել է. 2011-ին ներքին պարտքը 560 միլիոն դոլարից դարձել է` 631 միլիոն: Պարոն Ջանջուղազյանի խոսքերով, ընդհանուր պարտքը 2012-ի գործառնությունների արդյունքում կազմել է 4 միլիարդ 369 միլիոն դոլար, ինչը ՀՆԱ-ի 42.6%-է. «Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկիր եւ որեւէ ռիսկ առայժմ առկա չէ»: Իսկ թե որքան է այս տարվա բյուջեի դեֆիցիտը, ըստ հանրապետության գլխավոր գանձապետի` կյանքը ցույց կտա, սակայն նախատեսված է 119,7 միլիարդ դրամ, համախառն ներքին արդյունքն էլ`4 տրիլիոն 537 միլիարդ դրամ:
Aravot.am-ի այն հարցին,թե որ գերատեսչությանն են այս տարի ամենաշատ գումար հատկացնելու, որին` ամենաքիչը, պարոն Ջանջուղազյանն ասաց. «Ամեն տարի սոցիալական ծախսերը կունենան գերակշիռ մեծամասնություն, քիչն ու շատը շատ հարաբերական է: Ֆիննախից ոչ մի նախարար դժգոհ չէ եւ կարող են բոլորը դժգոհել: Փողը երբեք բավարար չի լինում, ցանկացած դեպքում բյուջեն փոխզիջում է ինչպես տնտեսության ճյուղերի, այնպես էլ հասարակության շերտերի միջեւ, այս տեսակետից երբեք չի կարող բավարարված լինել, միշտ էլ որեւէ ճյուղային մարմնի ղեկավար ունի անհամեմատ ավելի մեծ ծրագրեր, քան հնարավոր է բյուջեով հատկացնել»:
Գլխավոր գանձապետի ներկայացմամբ` պետբյուջեի եկամուտները 2012 թվականին կազմել են 939,4 միլիարդ դրամ, իսկ ծախսերը` 951,7 միլիարդ, ըստ պարոն Ջանջուղազյանի, ապահովել են տարեկան ծրագրի կատարումը 100.3% եւ 97.1%-ով: 2011 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10,8% եւ 91.3 միլիարդ դրամով: 2012-ի ծախսերը 2011-ի համեմատ աճել են 37 միլիարդ դրամով:
Կարդացեք նաև
2012 թվականի պետբյուջեն առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված վարկային միջոցների, կատարվել է 12.3 միլիարդ դրամ պակասորդով` տարեկան ծրագրով նախատեսված 43.2 միլիարդ դրամի եւ նախորդ տարվա 66.7 միլիարդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց:
Ըստ գլխավոր գանձապետի. «2012-ին ավելի շատ հարկային միջոցներ են ստացվել, քան նախատեսված է եղել, մարվել են ծրագրից ավելի պակաս վարկերի գումարներ, սա չի նշանակում, որ վարկային պայմաններով նախատեսված գումարները չեն սպասարկվել, կամ չեն մարվել, պարզապես փոխարժեքով պայմանավորված որոշակի տնտեսումներ են եղել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ