Լրահոս
Օրվա լրահոսը

Մանարյան. «Հայրիկյանին կրակողն էլ է անշնորհք, կրակողին ուղարկողն էլ»

Փետրվար 04,2013 14:10

«Հայրիկյանի վրա կրակելը բոլորիս համար սառը ցնցուղ էր, ամեն ինչ կարելի էր սպասել, բացի դրանից: Դա, ըստ էության, ուղղված էր ոչ թե Հայրիկյանի, այլ իշխանության եւ ընտրությունների դեմ: Հայրիկյանն ամենանպատակային թիրախն էր եւ, ըստ երեւույթին, ընտրված էր: Նա մեծ հեղինակություն ունի եւ բոլորիս այդ դեպքը ցավ է պատճառել` անկախ Հայրիկյան քաղաքական գործչի կերպարից»,-այսօր «Տեսակետ» ակումբում կարծիք հայտնեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը: Նրա խոսքով` Հայրիկյանի մեծահոգության շնորհիվ ընտրությունները չեն հետաձգվի. «Միայն ընտրությունների հետաձգման դեպքում այդ կրակոցը կհասնի նպատակին»: Դեւրիկյանը նաեւ ասաց, որ ընտրությունների հետաձգման պարագայում աշխարհը չի քանդվի. «Բայց մենք ժամանակ կկորցնենք եւ ընտրությունների զարգացման տեմպը: Մեր տարածաշրջանը նման է վառոդի տակառի, որի վրա գտնվելով` մենք կորցրել ենք իրականությունը: Այնպես որ` ցանկացած սպասողական վիճակ խանգարում է տեմպի զարգացմանը»:

«Եթե գործ էիք անում, մի շնորհքով անտեր գտնեիք, թող աներ: Կրակող էիր` մարդավարի կրակեիր, ասեիր` արել եմ գործս: Ի՞նչ կարիք կար անտաղանդ ձեւով տեռոր անելու: Այդքան տարածության վրա էլ չկարողանա՞ս մարդավարի կրակել:

Կիսատ-պռատ անշնորհքությունների շարան է»,-ասաց «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր Երվանդ Մանարյանը: Ապա շարունակեց. «Կրակողն էլ է անշնորհք, կրակողին ուղարկողն էլ: Եթե Հայրիկյանին բան ունեիք ասելու, գնայիք մարդավարի դեմը կանգնեիք-ասեիք: Չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի հայ, որը դեպքն ինչ-որ կերպով ուզենա իրեն հարիր համարել»:

Ինչ վերաբերում է դրսի ուժերի վարկածին, Մանարյանն ասաց. «Դրսի ուժերի հերն էլ…հերիք է «դրսի ուժեր» ասեք: Կատարվածի վերաբերյալ Հայաստանի հեղինակության անկման հարց չի կարող լինել, որովհետեւ աշխարհում այնքան «անհեղինակավոր» պետություններ կան, որ դրանց շարքը Հայաստանով համալրվելը բան չի փոխի: Արաբական աշխարհն իրար ետեւից այնքան հիմարություն արեց, որ հայի արածը չի երեւա»:

Պարոն Մանարյանը նույնպես այն կարծիքին է, որ ընտրությունները չպետք է հետաձգվեն:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728