Այսօր «Արմատ» ակումբում ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման եւ այս առումով, ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքների մասին, ասաց, որ
Ադրբեջանը Արցախի հետ կապված ցանկացած զարգացում շատ ցավալի է ընդունում, բայց կա մի կարեւոր հանգամանք, եթե Բաքվում վստահ լինեն, որ կարող են թեկուզ տեխնիկապես խոցել ու եթե վստահ լինեն, որ հայկական կողմը պատասխան հարված չի տա, ապա նրանք կիրականացնեն իրենց հնչեցրած սպառնալիքները. «Բայց քանի դեռ չեն անում, նշանակում է՝ նրանց զսպում է մեր հուժկու պատասխանի հեռանկարը: Եվ եթե մեր ՊՆ նախարարը ի լուր աշխարհի հայտարարում է, որ մենք պատրաստ ենք իրականացնել խաղաղ չվերթ, նշանակում է՝ դրան պատրաստ ենք: Ամեն դեպքում` մեր կտրուկ պատասխանի անխուսափելիությունը զսպում է նրանց: Մենք չպետք է տրվենք մոլորության, եւ կա քաղաքական ենթատեքստ, եթե Արցախը օդային ճանապարհով աշխարհին է կապվում, նշանակում է՝ ամեն ինչ նորմալ է»:
Ջամալյանը գտնում է, որ վաղ թե ուշ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվելու է ու սա փաստ է, եւ մենք միշտ էլ հաշվի ենք առել այն հանգամանքը, որ նրանց կողմից սպառնալիքներ են լինելու. «Բայց մենք իրավունք չունենք ընկրկվել ադրբեջանական շանտաժի առջեւ: Մենք պետք է հստակ ֆիքսենք, որ թռչելու ենք այդ օդանավակայանից»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ