«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հեղինակել են «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության մասին» օրենքի նախագիծը, որին բնապահպանական հարցերի հանձնաժողովը բացասական գնահատական է տվել: Այսօր ԱԺ երրորդ նստաշրջանի առաջին նիստում Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ նշելով, որ ձեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ դուք հարգում եք միջազգային նորմերը, մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է այդ օրինագծին:
Հովիկ Աբրահամյանն ուղղեց՝ «Նախ, Սերժ Սարգսյանը մեր նախագահը չի, բոլորի նախագահն է»:
Զարուհի Փոստանջյանը չհամաձայնեց. «Եթե Սերժ Սարգսյանը լիներ ողջ հայ ժողովրդի նախագահը, ապա հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները այսօր չէին լինի մեր օրակարգում: Մադրիդյան սկզբունքներ կոչվող հռչակագիրը չէր ստորագրվի նրա կողմից»:
Նա նաեւ դիտողություն արեց, որ նիստը պատշաճ չեն վարում. «Կանոնակարգով նախատեսված չէ կիսատ հիմներգ հնչեցնել»:
Կարդացեք նաև
ԱԺ մուտքի մոտ՝ Բաղրամյան պողոտայում այսօր կրկին բողոքի ալիք էին բարձրացրել ատամնաբույժները: Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ են պատրաստվում անել, որ վերականգնեն նախկին իրավիճակը: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ հանձնաժողովների հետ աշխատում են, նախագիծը կքննարկվի կառավարության հետ եւ եթե կառավարության համաձայնությունը լինի՝ շրջանառության մեջ կդրվի:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության մասին նախագիծը 65 դեմ եւ 14 կողմ քվեարկության արդյունքներով չանցավ:
Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պաշտոնապես այսօր դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցության կազմից: Փաստորեն, Ալեքսանդր Արզումանյանը խմբակցությունից դուրս գալու որոշում չկայացրեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ