Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը խոսելով նախագահական ընտրությունների մասին, ասաց, որ մինչ այսօր եղած քարոզարշավը կարելի է բաժանել երկու մասի՝ մինչ Հայրիկյանի մահափորձը նման էր ընտրարշավի, բայց դրանից հետո իրավիճակը փոխվեց, ստեղծվեց վիրտուալ թշնամու կերպար: «Հեռուստաընկերությունները անպատասխանատու հայտարարություններ են անում Հայրիկյանի դեպքի հետ կապված, հակառուսական քարոզ է տարվում: Բայց ռուսների հետ կապեր ունեցող ուժերը չեն մասնակցում ընտրություններին, չնայած ստացվում է, որ ռուսական ուժերը նման քայլեր են անում: Ես զարմանում եմ՝ ո՞ւմ համար են այդ հայտարարություններն արվում: Մեր պետական այրերը մեկնաբանություններ չեն անում այն իրավիճակում, երբ տարածաշրջանում խնդիրներ ունենք: Մի՞թե ռուսական ծառայություններն այդքան վատ են աշխատում, որ վրիպեին: Սա քաղաքական ավանտյուրա է՝ ասել թե ռուսական հետք կա Հայրիկյանի մահափորձում: Սա հակապետական քայլ է, որին նպաստում է ամբողջ հեռուստաեթերը»,- ասաց Հարությունյանը, ըստ որի՝ ինչ որ մեկին դուր գալու համար չի կարելի նման հայտարարություններ անել:
Հարությունյանը խոսելով իր հետագա քայլերի մասին՝ եւս մեկ անգամ հիշեցրեց. «Ամսի յոթին մեկ օրով նստելու եմ հացադուլ, թե ֆուրշետ, ոնց ուզում եք անվանեք, իսկ ութին հանելու եմ թեկնածությունս»:
Հարությունյանը շեշտեց, որ կողմնակից է ընտրությունները հետաձգելուն, քանի որ, ըստ նրա՝ այդպես ազգովի կկարողանանք մտածել: Թեկնածուն քաղաքական ավանտյուրայում մեղադրում է բոլոր այն մարդկանց, ովքեր անպատասխանատու հայտարարություններ են անում, ու նաեւ նրանց, որոնք լռում են կատարվածի վերաբերյալ: Նրա կանխատեսումներով` առաջիկայում ականատես կլինենք Պարույր Հայրիկյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան հակամարտությանը:
Հարությունյանը հավելեց, որ թեկնածությունը հանելուց, ընտրությունների ավարտից հետո էլ ինքը դարձյալ քաղաքականապես ակտիվ է լինելու, եւ շարունակելու է մնալ ժողովրդի հետ:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ