ԱրՔա համակարգի կայքը, որի միջոցով հնարավոր է իրականացնել անկանխիկ գործարքներ, չի գործում երկուշաբթի առավոտվանից։ Ինչպես ՍիվիլՆեթին ասացին ԱրՔա-ից, կայքի գործունեության խափանումը կրում է տեխնիկական բնույթ և պայմանավորված չէ մեկնարկող նոր ծրագրային հենքի ներդրումով։ ԱրՔա-ում վստահեցրին, որ ներկայում մասնագետներն աշխատում են խնդիրների վերացման ուղղությամբ, կայքը կվերագործարկվի օրվա ընթացքում։
ԱրՔա համակարգի կայքը արդեն մոտ մեկ տարի աշխատում է ծանրաբեռնված և խափանումներով, ինչը պայմանավորված է նրանով, որ պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական լուծումներն ու հզորությունները չեն բավարարում առկա բազայի սպասարկման համար։
«Արմենիան Քարտ» ընկերության պրոցեսինգային կենտրոնում այս ընթացքում տեղադրվել են նոր սերվերային հզորություններ, վերազինվել և համալրվել են ենթակառուցվածքային համակարգերը։ Ընթացիկ տարվա փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը նախատեսվում է անջատել համակարգը և իրականացնել միգրացիա հին համակարգից դեպի նորը, ինչի հետևանքով կդադարեցվի բոլոր քարտերի սպասարկումը, այդ թվում նաև արտասահմանում։
Իրականացված աշխատանքներից հետ ակնկալվում է բարձրացնել վճարային քարտերի սպասարկման ընդհանուր որակը, կրճատել համակարգային խափանումները և բարձրացնել բանկոմատների և POS-տերմինալների աշխատանքի որակը, քարտապաններին տրամադրել լրացուցիչ ծառայություններ, որոնք նախկինում անհասանելի էին: