Շուտով տաղանդավոր դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանի ծննդյան օրն է, որի առիթով որոշեցինք բացահայտել հայտնի դերասանուհու կյանքի ոչ այնքան հայտնի դրվագները:
Մայրանուշ, նախ շնորհավորում ենք Ձեր տարեդարձը` շնորհակալություն հայտնելով արվեստում Ձեր կատարած աշխատանքների համար:
Ինչպե՞ս դարձաք դերասանուհի:
Դեռ դպրոցական տարիներից շատ ակտիվ եմ եղել: Մասնակցել եմ նաև «Հնարամիտների և սրամիտների» ակումբում: Հայրս չէր ցանկանում, որ սովորեի բարձրագույն հաստատությունում, քանի որ չէի կարողանա ընտանիքիս օգտակար լինել: Բայց, արի ու տես, որ կրթվեցի և դարձա դերասանուհի: Գրեթե միշտ բազմազբաղ եմ եղել:
Ի՞նչը Ձեզ առավել հայտնի դարձրեց:
Համալսարանն ավարտելուց հետո ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը ինձ հրավիրեց իր արդեն նկարահանած գեղարվեստական նոր ֆիլմը տոնիրովկա անելու համար: Ֆիլմի սյուժեն հետևյալն է. թուրքերը զինվոր ամուսնուն սպանում են հենց հղի կնոջ աչքերի առջև: Վերջինը, տեսնելով այդ զարհուրելի տեսարանը, կորցնում է երեխային: Ուստի, ձայնի միջոցով պետք է արտահայտեի այդ կնոջ տառապանքը, որը շատ բարդ գործընթաց էր:
Առհասարակ ինչպիսի՞ կերպարներ եք կերտել:
Հիմնականում կերպարային` հատկապես մոր և կնոջ դերեր եմ կատարել: Այնուամենայնիվ, չեմ կարող գլուխ գովել` ասելով, թե միշտ գլխավոր դերեր են ինձ տվել:
Երբ դեռ երիտասարդ էիք, Բագրատ Հովհաննիսյանը Ձեզ հրավիրեց «Աշնան արև»-ում նկարահանվելու: Անկողնային մի տեսարանի ժամանակ Դուք պետք է խաղայիք Կարեն Ջանիբեկյանի հետ: Ո՞րն էր Ձեր արձագանքը:
Ասացի` ես ամունացած եմ, 2 տարեկան երեխա ունեմ և չեմ կարող նկարվել այդ տեսարանում: Ի՞նչ ա, պետք ա հանվեմ, Կարենն էլ եսիմ ինչեր անի՞ հետս:
Բայց երկար բանավիճելուց հետո, ի վերջո նկարահանվեցիք:
Այո.. նկարեցինք միայն տեսարանի սկիզբն ու վերջը (ծիծաղում է): Այդօրինակ պատմություններ շատ են եղել:
Սերիալներում նկարահանվելուց, Հանրային ռադիոյում աշխատելուց բացի, մասնակցել եք շատ ու շատ հեռուստաթատրոններում: Կպատմե՞ք մի փոքր այդ մասին:
Խորհրդային միության 15 հանրապետություններից միակը Հայաստանն էր, որը հեռուստաթատրոն ուներ: Այնտեղ ներգրավված էին Հայաստանի թատրոնի բոլոր լավագույն դերասանները: Ամեն մի նոր ներկայացման ժամանակ շփվում էինք տաղանդավոր արվեստագետների, օրինակ` Արուս Ասերյանի, Գեղամ Հարությունյանի, Ստեփան Հարությունյանի, Արամայիս Կարագյոզյանի, Լուսինե Կիրակոսյանի, Անահիտ Թոփչյանի և այլոց հետ:
Իսկ ինչպիսի՞ն էր Սոս Սարգսյանի հետ Ձեր համագործակցությունը:
Վաստակաշատ արտիստ Սոս Սարգսյանը «Ձորի Միրո» (եղեռնի մասին) ֆիլմի ժամանակ ասել է, որ տվյալ կնոջ դերը պետք է միայն Մայրանուշը կատարի: Ռեժիսորի սպասելիքներն արդարացրեցի: Միայն մի թերացում կար. քանի որ երիտասարդ էի և ժամանակը սուղ էր, չհասցրեցի մինչ նկարահանվելը կերպարն ամբողջովին մարսել:
Ո՞րն է Ձեր թուլությունը:
Իմ թուլությունը մարդասիրությունն է, խոհանոցը, որը սակայն դժոխք է կնոջ համար, և հիշողությունը, քանի որ անգամ իմ ֆիլմերի անուններն եմ երբեմն մոռանում:
Իսկ չիրականացած երազանքը..:
Բոլոր երազանքներս իրականացել են, բացի մեկից. կցանկանայի խաղալ պատմական և դասական բարդ ֆիլմերում:
Ի դեպ, ինչպե՞ս և որտե՞ղ ես անցկացնելու ծննդյան օրը:
Ծննդյանս առթիվ «Խնկո Ապոր» անվան գրադարանում ցուցադրվելու է «Մեր Մարոն» վերնագրով 44 րոպեանոց ֆիլմ, որից հետո այն նշելու եմ ընտանեկան ջերմ մթնոլորտում:
Դերասանուհին ծնվել է 1953 թ-ի փետրվարի 8-ին, Երևանում: Ավարտել է Չարենցի միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել ԵԹԿՊԻ-ում: Երկու տարի ընդմիջումից հետո, որի ընթացքում զբաղված էր մեծ դստեր դաստիարակությամբ, հրավիրվում է հեռուստաթատրոններում նկարահանվելու: Այդ օրվանից էլ սկսում է նրա կարիերան:
Մ. Գրիգորյանը խաղացել է տարբեր ներկայացումներում, ինչպես նաև 1994 թ-ից սերիալներում (հումորային «Երեկ այսօր վաղը», «Վերվարածներ», «Դժբախտ երջանկություն», «Որոգայթ», «Ինչպես դառնալ միլիոնատեր», «Վերկաց և քայլիր», «Գեներալի աղջիկը», «Երեք ընկերներ»), 1977 թ-ից մի շարք հեռուստաթատրոններում («Քաղաքն արշալույսին», «Խնձորի այգին», «Ապտակ», «Մեծամոր», «Հովնան Խութեցին», «Հիշիր վաղվա օրդ», «Կարմիր ժամուց», «Մատյան եղելություն», «Քոչարը ներկայացնում է», «Հող և գինի», «Նահանջ տարի»)և գեղարվեստական ֆիլմերում («Քաոս», «Ձորի Միրո», «Աշնան արև», «Արևիկ», «Մեռիր ձիու վրա», «Ձայն բառ առ բառ», «Հարսացուն Ջերմուկից», «Լռության սիմֆոնիա», «Հող ու ոսկի», «Բումերանգ», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Մեծապատիվ մուրացկաններ» և այլն): Մի խոսքով, նկարահանվել է մոտ 870 գեղասրվեստական, վավերագրական և բումերանգ ֆիլմերում:
Ելենա Չոբանյան
Գրագետ և գեղեցիկ ռեպորտաժ, անկախ տարիքից, հմայիչ և տաղանդաշատ դերասանուհու մասին: Վերջին ժամանակներս երիտասարդության կուռքերը գնալով ավելի են որակազրկվել և հիշեցնելով մեր հայկական մշակույթի իրական արժեք ներկայացնող մարդկանց մասին դուք նրանց տարիների ընթացքում կատարված աշխատանքին եվս մեկ անգամ գնահատական եք տալիս, որը ամենամեծ արժեքն է արվեստագետի համար:
Շնորհակալություն