Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փետրվարի 3. ապատիայի ազդակ

Փետրվար 04,2013 11:15

15 տարի առաջ հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրա վերաբերյալ կա երեք հիմնական վարկած:

Պաշտոնական. 97 թվականի սեպտեմբերին Տեր-Պետրոսյանն իր ասուլիսում մանրամասնեց Ղարաբաղյան խնդրի փուլային տարբերակը, իսկ այնուհետեւ գրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը, որի դրույթները ընդունելի չէին ոչ Հայաստանի քաղաքացիների, ոչ էլ քաղաքական ուժերի եւ ղեկավարության մեծ մասի համար: Եվ որպեսզի Ղարաբաղը փրկվի, անհրաժեշտ էր իշխանափոխություն՝ այդ փուլային ծրագիրը խափանելու համար:

Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վարկածը. վարչապետ Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, իրենց ձեռքում կենտրոնացնելով քաղաքական եւ տնտեսական հզոր լծակներ, որոշեցին ստանալ միահեծան իշխանություն, թյուրիմացության մեջ գցեցին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին եւ, շահարկելով Ղարաբաղի խնդիրը, հեղաշրջում իրականացնացրեցին:

Քաղաքագիտական վարկած. 96 թվականի վիճելի ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանն ուներ լեգիտիմության պակաս, որը ստիպված էր փոխհատւցել ուժային մեթոդների կողմնակից, վճռական մարդկանցով, նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանով, եւ հետզհետե թուլանալով, ստիպված էր նրանց հանձնել իշխանությունը:

Այս երեք վարկածները «փազլի» երեք մասերն են, որոնք, իրար մեջ մտնելով, ներկայացնում են ամբողջական պատկերը, որով պայմանավորված են հետագա զարգացումները: Պաշտոնական վարկածն արդարացավ այնքանով, որ 15 տարում ակտիվ ռազմական գործողություններ չվերսկսվեցին եւ, հետեւաբար, «պատերազմ թե խաղաղություն» երկընտրանքը գոնե այս ժամանակահատվածի կտրվածքով այնքան էլ սուր չէր դրված:

Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն իրավացի են, որ 1998-ից հետո է ստեղծվել այնպիսի քաղաքական եւ տնտեսական համակարգ, որը սկզբունքորեն բացառում է ցանկացած մրցակցություն:

Վերջապես ճիշտ է նաեւ, որ ուժային կառույցներին, ոչ թե քաղաքացիների վստահությանը ապավինելը մեծ հաշվով բերում է տխուր հետեւանքների: Պարզապես առաջին նախագահը մեկ անգամ՝ 91 թվականին, օրինական ճանապարհով ընտրվելով, 96-ին ավելի սուր էր զգում սեփական ոչ լեգիտիմությունը, քան նրան հաջորդողները, որոնք ընտրված լինելու «քաղցրությունը» երբեք չեն զգացել: Հնարավոր է, այստեղ դեր են խաղում նաեւ որոշակի մշակութային տարբերություններ:

Ինքնին նախագահի հրաժարականը կարող է եւ դրական երեւույթ լինել՝ ճանապարհ բացել ժողովրդավարական բարեփոխումների համար: Այդպես եղավ Վրաստանում, Թունիսում, Եգիպտոսում եւ մի շարք այլ երկրներում: Սակայն այդ բոլոր դեպքերում նախագահը լքեց իր աթոռը զանգվածային ցույցերի արդյունքում՝ հասկանալով, որ այլեւս չի կարող դիմադրել հզոր ժողովրդական ալիքին:

Սակայն ժողովրդավարական գործընթացները բացառվում են, եթե «որոշ ուժեր ներկայացնում են հրաժարականի պահանջ»: Նման իրավիճակները չեն կարող քաղաքացիների մոտ ոգեւորություն եւ սեփական ուժերի նկատմամբ հավատ առաջացնել, որովհետեւ նման հրաժարականների պարագայում մարդիկ եւս մեկ անգամ համոզվում են, որ իրավիճակը երկրում կախված է ոչ թե իրենցից, այլ «հայտնի ուժերից», ում ձեռքին մահակ եւ ավտոմատ կա: Այդ ուժերի’ց պիտի մարդիկ բողոքեն, եթե իրենց գործերը լավ չեն գնում, նրանց պետք է հայհոյեն ու անիծեն, նրանցից պիտի պահանջեն աշխատավարձ, թոշակ, արդարություն եւ գործարաններ: Իհարկե, 98 թվականից առաջ էլ Հայաստանի բնակչության մեծամասնությունն ապրում էր այդ հոգեբանությամբ, սակայն այս հրաժարականից հետո է՛լ ավելի հստակ դարձավ, որ քաղաքականություն, այդ բառի դասական իմաստով, քաղաքականություն՝ որպես քաղաքացիներին համոզող կամ չհամոզող գաղափարների պայքար, Հայաստանում չկա: Կան խարդավանքներ, դավաճանություններ եւ «սապոգավորների» («երկրապահների») պարտադրանք: Գուցե հասարակական այսօրվա ապատիայի որոշ հիմքեր 15 տարի առա՞ջ դրվեցին:

Ճի՞շտ վարվեց արդյոք առաջին նախագահը, երբ 98-ի փետրվարի 3-ին հրաժարական տվեց: Իհարկե, ճիշտ արվեց՝ հակառակ դեպքում «որոշ ուժեր» բառիս բուն իմաստով պատերազմ կսկսեին Տեր-Պետրոսյանին հավատարիմ ուժերի հետ: Պարզապես 94 թվականի մայիսից հետո պետք չէր իրավիճակը հասցնել մինչեւ 98-ի փետրվար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեսրոպ Հարությունյան says:

    «Պաշտոնական. 97 թվականի սեպտեմբերին Տեր-Պետրոսյանն իր ասուլիսում մանրամասնեց Ղարաբաղյան խնդրի փուլային տարբերակը, իսկ այնուհետեւ գրեց «Խաղաղություն, թե պատերազմ» հոդվածը»:

    Արամ ջան, Տեր-Պետրոսյանի հոդվածի վերնագիրն էր «Պատերազմ, թե՞ խաղաղություն», իսկ ավելի ամբողջական «Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը»:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728