Դիլիջանցի 4 երիտասարդներ մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (« Մարդուն առեւանգելը»): Այդ հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Դիլիջան քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Սերգեյ Միքայելյանը 2012թ. նոյեմբերի 2-ի առավոտյան նախնական համաձայնության գալով Դիլիջանի բնակիչներ, 1986թ. ծնված Արթուր Շերոյանի, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանի եւ 1990թ. ծնված Արամ Աղաջանյանի հետ, վերջինիս պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջանի Ուսանողական թաղամասի ավտոկանգառի մոտից, բռնություն գործադրելով, Ս. Միքայելյանի հետ ամուսնացնելու նպատակով, առեւանգել են Դիլիջանի բնակչուհի Գ. Տ.-ին եւ նախապես պայմանավորվածության համաձայն Վանաձոր տանող ճանապարհին աղջկան նստեցրել Արթուր Շերոյանի վարած «Օպել Վեկտրա-Բ» մակնիշի ավտոմեքենան եւ աղջկան տարել Լոռու մարզի Յաղդան գյուղ՝ Սերգեյ Միքայելյանի բարեկամի տուն:
Դեպքի կապակցությամբ 2012թ. նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ: 4 երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նրանք դատարանում հայտարարել են, որ համաձայն են առաջադրված մեղադրանքի հետ եւ միջնորդել են անցկացնել արագացված դատաքննություն:
Դատավոր Սամվել Մարդանյանը 4 երիտասարդներին դատապարտել է 4-ական տարի ազատազրկման եւ կիրառելով ՀՀ քրեական օրենսգքրի 70-րդ հոդվածը, վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան, նրանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարելով Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքին:
Կարդացեք նաև
Դատարանը հաշվի է առել,որ երիտասարդները նախկինում դատված չեն եղել, նրանք խոստովանել են իրենց մեղքը, զղջացել կատարածի համար, ինքնախոստովանական ցուցմունքներով աջակցել հանցագործության բացահայտմանը, հաշտվել են տուժողի հետ, վերջինս նրանց որեւէ պարտք ու պահանջ չի ներկայացրել: Դատարանը հաշվի է առել նաեւ այն, որ Ս. Միքայելյանը եւ Ա. Շերոյանը միակողմանի ծնողազուրկ են;
Ի դեպ, «չկայացած փեսացուն»՝ Ս. Միքայելյանն ունի բարձրագույն կրթություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ